Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի դեմ

Հունիսի 4-ին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ընդունվեց Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին բանաձևը, որը նախաձեռնել էր Վրաստանը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 73 պետություն, դեմ` 15-ը, ևս 57 երկիր, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։ Վրաստանը նմանատիպ բանաձևեր նախաձեռնում է ամեն տարի 2008-ից ի վեր, և մինչև այս տարի Հայաստանը դեմ է քվեարկել, գրում է Անի Մեժլումյանը Eurasianet կայքում լույս տեսած իր հոդվածում։

Ինչո՞ւ Հայաստանը ձեռնպահ մնաց

Հայաստանն առաջնորդվում է Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ արտաքին քաղաքականության համատեղմամբ․ այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությանը վերաբերող հարցին։

«Հայաստանը ռազմավարական միություն ունի Ռուսաստանի հետ, ծավալուն օրակարգ, խորը հարաբերություններ։ Մենք կշարունակենք (և դա նշված է կառավարության ծրագրում) ընդլայնել և զարգացնել նրա հետ մեր ռազմավարական հարաբերությունները», – ընդգծել է ՀՀ արտգործնախարարը։ Մնացականյանը միաժամանակ ավելացրել է` Երևանը նաև կարևոր օրակարգ ունի Թբիլիսիի հետ, որը վերաբերում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։

Վրաստանի «Կովկասյան տուն» վերլուծական կենտրոնի տնօրեն Իվանե Աբրամիշվիլին OC Media կայքի հետ զրույցում նկատել է՝ նախկինում Հայաստանը դեմ է քվեարկել, քանի որ բանաձևի ընդունումը կարող էր նշանակել, որ Երևանը նույնպես աջակցում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի քաղաքականությանը։

Աբրամիշվիլիի համոզմամբ՝ Հայաստանի ուղեգծի փոփոխությունը կարող է նշանակել երկու բան՝ նա ձգտում է բարելավել հայ-վրացական հարաբերությունները և անել քայլ, որպեսզի ընդգծվի Ադրբեջանի հետ երկխոսության նշանակալի անկյունը։ «Դա չեզոքացրեց Վրաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրը, միաժամանակ Հայաստանը բարձրացավ միջազգային հանրության և Ադրբեջանի աչքում»,- ասել է Աբրամիշվիլին։ Վերջինս Հայաստանի քաղաքականության փոփոխությունը պայմանավորել է նաև նոր կառավարությունում «ղարաբաղյան կլանի ազդեցության թուլացմամբ»։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը կարծում է, որ «առաջին հայացքից անէական թվացող այս քայլը անկյունաքարային է Հայաստանի նոր արտաքին քաղաքականության տեսանկյունից»։

«Հատկապես Հայաստան-Վրաստան հարաբերությունների և մեր երկու եղբայրական ժողովուրդների միմյանց նկատմամբ վստահության ամրապնդման համատեքստում սա բեկումնային փոփոխություն է:

Այդուհանդերձ ապագայում բազմակողմ ֆորմատներում նմանատիպ քվեարկությունները նորմ դարձնելու համար անհրաժեշտ է վրաց գործընկերների համանման վարքագիծը, ինչը հուսով եմ՝ չի ուշանա:

Մենք ասել և կրկնում ենք. հայ-վրացական հարաբերությունները պետք է դուրս լինեն որևէ երրորդ կողմի ազդեցությունից: Բացի այն, որ միմյանց ճանաչելու, իրար հետ ապրելու ու զարգանալու բազմադարյա պատմություն ունենք, մեր շահերն իրապես ավելի շատ համընկնում են, քան` հակառակը:

Հավատացած եմ, որ մեր երկու ժողովուրդների խաղաղ ու սիրաշատ համատեղ ապագան այլընտրանք չունի, ինչը կարող է իրապես վարակիչ դառնալ ողջ տարածաշրջանի համար, որպես ներդաշնակ համակեցության բացառիկ օրինակ»,- գրել է Խառատյանը։

Վրացագետ Ջոննի Մելիքյանն էլ կարծում է, որ Երևանը Թբիլիսիին կարևոր ուղերձ է հղել, և այժմ Վրաստանի հերթն է։ Նա շեշտել է՝ Հայաստանի դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի ցանկությունն ու ձգտումը խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել