Հայաստանը նավթամթերք կներկրի Ղազախստանից. շուկան դիվերսիֆիկացվում է

Կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ-ի ու Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի գործարկումը, կառավարության հավաստմամբ, կնպաստի Հայաստանի նավթամթերքի շուկայում մրցակցության ուժեղացմանը:

Փաստաթղթի կնքման անհրաժեշտությունը, ինչպես զեկուցեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ:

«Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ Ազատ տնտեսական գոտու ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից», – ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ փաստաթղթի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ այս համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը «որոշակի ավելի բարելավված պայմաններում» ներկրել Հայաստան:

«Սա ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում մրցակցության հնարավորություն է ստեղծվելու, և սա շատ կարևոր համաձայնագիր է, որի շուրջ 1,5 տարի բանակցություններ են վարվել», – ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այն ազդելու է ՀՀ-ում բենզինի շուկայի վրա:

Համաձայնագրի վավերացումը կարևորեց նաև վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ թեպետ 2018 թվականից հետո նավթամթերքի շուկայում մենաշնորհային երևույթները մեղմացել են, բայց չեն վերացել:

«Մենք շատ անելիք ունենք սպառողների իրավունքները պաշտպանելու և մրցակցությունը խթանելու ուղղությամբ: Տեղյակ եմ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նույնպես լրջորեն զբաղվում է այս հարցով: Սա մեր քաղաքական հանձնառությունն է: Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք», – նկատեց վարչապետը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ շուկայում ազատ գործունեության համար պետական որևէ խոչընդոտ չկա: Նրա խոսքով՝ տվյալ համաձայնագիրը կարևոր է, քանի որ մինչև օրս Ռուսաստանից ձեռք բերվող նավթամթերքը ևս ազատված է արտահանման մաքսատուրքից:

«Սա, ըստ էության, հավասար պայմաններ կստեղծի այլ շուկաներից նավթամթերքների ներկրման համար: Վերջապես մենք կդիվերսիֆիկացնենք մեր շուկան, և կհայտնվեն նոր խաղացողեր: Մենք սկզբից ներսում հանեցինք նավթամթերքի ներկրման խոչընդոտները և այժմ լուծում էինք արտաքին աղբյորների հարցը», – եզրափակեց նա:

Նշենք, որ ներկայում Հայաստանը նավթամթերք է ձեռք բերում հիմնականում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից: Հայաստան բենզինի հիմնական ներկրողը «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունն է, որի միջոցով ՌԴ-ից Հայաստան քվոտավորված բենզին է ներկրվում: «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունից հայկական երեք ընկերությունները՝ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ը, «ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ»-ը և «ՖԼԵՇ»-ը, ձեռք են բերում այդ բենզինը և Սադախլոյից տեղափոխում Երևան։

Մեկնաբանել