Կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքներ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Զինվորական պատրաստության վարժանքներ կազմակերպվում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։

«Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:

Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն:

Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:

Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք:

Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:

Վարժանքների սկզբում և վերջում կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:»,- ասված է հայտարարության մեջ:


Մեկնաբանել