Շոկոլադը թանկանում է

Ըստ Marex Spectron Group-ի կանխատեսումների՝ կակաոյի համաշխարհային մատակարարումները կկրճատվեն 7,7%-ով, ինչը կշարունակվի մինչև 2012թ. սեպտեմբեր: Ըստ թրեյդերների՝ դա կբերի կակաոյի համաշխարհային պրոֆիցիտի մակարդակի՝ 32 հազ. տոննայով նվազման՝ նախորդ տարվա 434 հազ. տոննայի համեմատ:

Goldman Sachs Group-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ կակաոյի առաջարկի նվազման արդյունքում գները կբարձրանան 12%-ով՝ հասնելով $2700-ի 1 տոննայի դիմաց: Այս տարեսկզբից ICE Futures բորսայում կակաոն էժանացել է 21%-ով՝ մինչև $2400 1 տոննայի դիմաց:

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ 2011թ. մարտից կակաոն էժանացել է 36%-ով, ինչը պայմանավորված է շուկայում մատակարարվող կակաոյի ավելցուկի աճով և Կոտ դ’Իվուարից մատակարարումների վերսկսմամբ (Կոտ դ’Իվուարն ապահովում է կակաոյի հատիկի համաշխարհային արտահանման 40%-ը, իսկ տարեսկզբին այդ երկրում նախագահական ընտրությունների արդյունքում ներդրված արտահանման մեկամսյա արգելքի պատճառով կակաոյի շուկայում նկատվել է գների աճ):

Հատկանշական է, որ 2011թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը ներմուծել է 296 հազ. տոննա կակաո, որը գերազանցում է նախորդ տարվա ներմուծման ծավալները մոտ 70%-ով: Նույն ժամանակահատվածում կակաոյի մաքսային արժեքը 2010թ. համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով $1,4-ի:

Հայաստանում շոկոլադի ներմուծման կրճատումն արդեն իսկ սկսվել է: Այսպես՝ 2011թ. հունվար-սեպտեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ շոկոլադի ներմուծումը կրճատվել է 3%-ով: Վերոնշյալ կանխատեսումների իրականացման պարագայում Հայաստանում կթանկանա ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող շոկոլադը:

Հայաստանում շոկոլադի արտադրության ոլորտում առաջատար են «Գրանդ Քենդի», «Սոնագրո», «Արկոլադ», «Գուրմէ-Դուրմէ» ընկերությունները: Վերջինիս հիմնադիրն ավելի վաղ «Օրակարգ»-ի հետ հարցազրույցում («Օրակարգ», N0 19, 15.10.2011) կարծիք էր հայտնել, որ կակաոյի գները գնալով բարձրանալու են: 

Մեկնաբանել