Գնացին Ամանորի

2012թ. բյուջեի եկամուտները կկազմեն Դ911,6 մլրդ, ծախսերը՝ Դ1044,1 մլրդ, իսկ դեֆիցիտը՝ Դ132.5 մլրդ։ Ազգային ժողովում նոյեմբերին կայացած քննարկումներից հետո Կառավարությանը ներկայացված բյուջեի նախնական տարբերակում եկամուտները և ծախսերն ավելացրել է ընդամենը Դ1,6 մլրդ-ով։

Թեև 2012թ. բյուջեն ծավալային արտահայտությամբ գերազանցում է այս տարվա բյուջեն՝ եկամուտների մասով 6,7%-ով, ծախսերի մասով՝ 4,3%-ով, այդ աճը իներցիոն բնույթ ունի։ Այսպես՝ եթե այս տարվա համար ծրագրված է, որ բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22,7%, 2012թ. համար ծրագրված է, որ այդ ցուցանիշը կնվազի 1,1-տոկոսային կետով։ Բյուջետային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի նվազման ֆոնին 2,1-տոկոսային կետով նվազելու է նաև բյուջեի ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը (24,7%)։

Գալիք տարի, սակայն, 0,8-տոկոսային կետով կնվազի բյուջեի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը՝ կազմելով 3,1%։

Վարչապետը գոհ է, որ իր ներկայացրած բյուջեն ընդունվեց:Էական բարելավում ծրագրված չէ նաև հարկեր, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ/ՀՆԱ ցուցանիշի մասով, որը կկազմի 20,7%՝ այս տարի ծրագրված 20,6% ցուցանիշի փոխարեն։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը թեև կբարելավվի 0,57-տոկոսային կետով՝ կազմելով 17,36%, այն զգալի զիջում է Հայաստանի կարգի երկրների համանման ցուցանիշին, որը տատանվում է 23-25%-ի սահմաններում։

2012թ. համար ծրագրված է, որ հարկային եկամուտների, պետական տուրքերի և սոցիալական ապահովության վճարների ծավալը կկազմի Դ874,3 մլրդ՝ գերազանցելով այս տարվա ցուցանիշը Դ100,9 մլրդ-ով։ Ըստ Կառավարության հաշվարկների՝ այդ գումարի մոտ Դ70 մլրդ-ը պետք է ապահովվի տնտեսական աճի և գնաճի հաշվին, իսկ է Դ39,7 մլրդ-ը՝ հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխությունների։

Կառավարությունը հարկային փաթեթը նոյեմբերի վերջին նույնպես բավական արագ անցկացրեց ԱԺ-ի արտահերթ նիստերով։ Հարկային փաթեթի փոփոխության արդյունքում բարձրանում են գարեջրի, թանկարժեք ոգելից խմիչքների ակցիզային հարկերը, ակցիզային հարկի դաշտ են տեղափոխվում ավտոյուղերը։ Գալիք տարի կգործի նաև այսպես կոչված շքեղության հարկը, որը կտարածվի Դ30 մլն-ից բարձր արժեք ունեցող ավտոմեքենաների վրա։

Խոցելի՝ արտաքին շոկերից

Գալիք տարվա բյուջեն բավական խոցելի է արտաքին շոկերի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ Կառավարությունը բյուջեն կազմելիս հիմք է ընդունել, որ 2012թ. տնտեսական աճը կկազմի 4,2%, իսկ գնաճը՝ 4±1,5%, ինչի արդյունքում կհավաքագրվի լրացուցիչ Դ70 մլրդ։ Կառավարությանը տնտեսական աճի կանխատեսման ժամանակ հաշվի է առել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) սեպտեմբերյան կանխատեսումը, ըստ որի՝ 2012թ. համաշխարհային տնտեսական աճը կարող է կազմել 4%։

Նախկինի պես քվեարկում են նաև գործընկերների փոխարեն:ԱՄՀ-ն և այլ միջազգային կառույցներ վերանայել են կանխատեսումները դեպի նվազում: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության (DESA) կանխատեսմամբ՝ 2012թ. համաշխարհային տնտեսությունը կաճի ընդամենը 2,6%-ով (1%-ով պակաս նախկին կանխատեսումից)։

Սա նշանակում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում արդեն ավելացել են Հայաստանի բյուջեի կատարման ռիսկերը, քանի որ Հայաստանը կախված է համաշխարհային տնտեսությունում, հատկապես Եվրոպայում և Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից։

Չնայած նրան, որ բյուջեի ռիսկերն ավելացել են, Կառավարությունն այդպես էլ չվերանայեց այն, իսկ իշխանական կոալիցիայի պատգամավորները շտապեցին այն ընդունել առանց գլխացավանքի և գնալ ամանորյա գնումների։ 

Մեկնաբանել