Չինական յոթ պատվիրանները

1.Որքանո՞վ է հավանական համաշխարհային տնտեսության անկումը։

2011թ. ավելանում էին գործոնները, որոնք ավելի անորոշ ու անկայուն էին դարձնում համաշխարհային տնտեսության արագ վերականգնման հավանականությունը։ 2012թ. համաշխարհային տնտեսության վերականգնման համար որոշիչ կլինեն հետևյալ գործոնները՝ կտրուկ անկումը խոշորագույն մի շարք տնտեսություններում, եվրոգոտու պարտքային ճգնաժամի խորացումը, պահանջարկի կրճատման և ներքին գնաճի հետ կապված մարտահրավերները զարգացող երկրներում։ Բացի այդ՝ ի հայտ կգան միջազգային և տարածաշրջանային մի շարք նոր խնդիրներ, կսրվեն պարենային և էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխության և այլ խնդիրները։

2.Կհաղթահարի՞ արդյոք պարտքային ճգնաժամը Եվրոպան։

Չնայած եվրոպական իշխանությունների ձեռնարկած քայլերին՝ դրանք բավարար չեն լինի շուկայի փրկության կարճաժամկետ նպատակների իրականացման տեսանկյունից։

3.Կհաջողվի՞ ԱՄՆ-ին կայունացնել իրադրությունը Իրաքում և Աֆղանստանում։

Իրաքից և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այս երկրները նոր մարտահրավերների են առերեսվել։ Խոսքը, մասնավորապես, սոցիալ-տնտեսական համեմատաբար դանդաղ զարգացման, կենտրոնական թույլ իշխանության, անվտանգության ապահովման խնդիրների, իրաքյան, աֆղանական իշխանությունների և ԱՄՆ-ի միջև սրացող հակասությունների մասին է։ Նահանգների համար հեշտ չի լինի այս երկրներում ամերիկամետ կառավարություններ ձևավորել։

4.Ի՞նչ զարգացումներ կունենա ճգնաժամը Սիրիայում։

Ինչ ճանապարհով կլուծվի Սիրիական ճգնաժամը՝ ռազմակա՞ն, խաղա՞ղ, կլինի՞ արդյոք արտաքին միջամտություն։ 2012թ. Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մի կողմից հարկադրված կլինի պայքարել ընդդիմության դեմ, մյուս կողմից՝ դիմակայել արտաքին ճնշմանը։ Կուժեղանա՞ արդյոք արտաքին ճնշումը ներքին իրադրության փոփոխմանը զուգահեռ։

5.Իրանի միջուկային ծրագիր՝ պատերա՞զմ թե՞ խաղաղություն։

2011թ. Թեհրանի միջուկային ծրագիրը կրկին թեժացավ, պատերազմով սպառնաց Իսրայելը։ Արևմուտքը շարունակում է պատժամիջոցներ կիրառել, Իրանը նույն համառությամբ հրաժարվում է զիջումների գնալուց՝ համարելով, որ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունք ունի։ Ավելին՝ Արևմուտքի պատժամիջոցները բարդացնում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Հետևապես դժվար է ասել՝ ինչ հանգուցալուծում կունենա այս ծրագիրը՝ պատերա՞զմ թե՞ խաղաղություն։

6.2012թ., ռուս-ամերիկյան հարաբերություններ՝ վերաբեռնո՞ւմ։

Գալիք տարին որոշիչ կլինի երկկողմ հարաբերությունների համար։ 2012թ. մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքը Չիկագոյի գագաթաժողովին Եվրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգերի տեղակայման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Բացի այդ՝ կարևոր գործոն կլինեն Ռուսաստանում նախագահական ընտրություններն ու դրանց արդյունքները։

7.Կվերընտրվի՞ Բարաք Օբաման։

Կունենա՞ Օբաման ուժեղ մրցակից։ Նրա վերընտրվելը կախված է հանրապետականների՝ ուժեղ թեկնածու առաջադրելու ունակությունից, ինչպես նաև Նահանգների տնտեսական իրավիճակից և գործազրկության մակարդակի կրճատումից։

Մեկնաբանել