Կդառնա՞նք արդյոք կամպուս

Հայաստանում օտարերկրյա ուսանողների ներգրավելու հնարավորությունների շուրջ
Կարիերայի և կրթության միջազգային Quacquarelli Symonds (QS) ցանցը հրապարակել է «Աշխարհի 50 լավագույն քաղաքները ուսման համար-2012» վարկանշային ցանկը, որը գլխավորում է Փարիզը: Վարկանիշի հիմքում որակական մի քանի ցուցանիշներ են՝ կյանքի որակը, զբաղվածության մակարդակը, կրթության արժեքը և օտարերկրյա ուսանողների քանակը։ Արդյոք Երևանը կամ Հայաստանի որևէ այլ քաղաք կարո՞ղ է հայտնվել նման վարկանշային ցուցակներում:

QS-ի վարկանիշի լավագույն տասնյակում Փարիզից հետո Լոնդոնն է, ապա՝ Բոստոնը, Մելբուռնը, Վիեննան, Սիդնեյը, Ցյուրիխը, Բեռլինը, Դուբլինը և Մոնրեալը:

Արդյոք Երևանը կամ Հայաստանի որևէ այլ քաղաք կարո՞ղ է հայտնվել նման վարկանշային ցուցակներում: ՍիվիլՆեթի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Սամվել Կարաբեկյանն ասաց, որ Հայաստանում չկա «ուսանողական ծառայություն» (student service) հասկացողությունը:

«Մենք չունենք արտասահմանյան ուսանողների համար ուսանողական կամպուսներ, մենք հանրակացարաններ էլ գրեթե չունենք: Միայն այս հանգամանքը բավական է, որ Հայաստանը օտարերկրյա ուսանողների համար գրավիչ չլինի»,– ասաց նա և հավելեց, որ երկրորդ խոչընդոտող հանգամանքը օտար լեզուներով կրթական ծրագրերի բացակայությունն է։

Հարցին, թե արդյոք կրթության որակի գրավիչ լինելը խթան չէ՞, փորձագետը պատասխանեց, որ լավ մասնագետների առկայությունը դեռևս կրթության որակ չէ։ «Կրթության որակը մի մասն է ուսանողների կրթական պահանջմունքների սպասարկման ամբողջ համակարգի՝ սկսած գրականության առկայությունից մինչև մասնագետներ»,– նշեց Կարաբեկյանը: Հատկանշական է, որ Հայաստանում տարածված չէ անգամ ուսանողների ներքին շարժունությունը, երբ հայ ուսանողը մի քաղաքից մյուսն է տեղափոխվում սովորելու, օրինակ՝ Վանաձորից Գյումրի, ապա՝ Կապան:

Փորձագետը համոզված է, որ կամքի առկայության պարագայում Հայաստանը կարող է մի քանի տարի անց դառնալ միջազգային ուսանողների համար գրավիչ երկիր: Ըստ նրա՝ պետք է սկսել նոր ժամանակակից համալսարանների կառուցումից Երևանից դուրս: «Բացի դրանից՝ պետք է բուհերը դադարեն ունենալ պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։ Նրանք պետք է գործեն հանրային համալսարանների կամ հիմնադրամների կարգավիճակով»,– ընդգծեց փորձագետը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի վիճակագրական տարեգիրք-2011»-ի տվյալների՝ 2005-2010 թթ. ընթացքում օտարերկրյա ուսանողների թիվը հանրապետությունում կրճատվել է 22%-ով՝ 4,2 հազ-ից նվազելով մինչև 3,3 հազ.: ՀՀ բուհերի համար օտարերկրյա ուսանողների հիմնական «դոնոր» երկրներ են շարունակում մնալ Ռուսաստանը (33%), Վրաստանը (30%), Իրանը (20%), Հնդկաստանը (7%), Սիրիան (3%) և Ուկրաինան (2%): Ինչպես նշվում է «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում-2012» զեկույցում, ամենայն հավանականությամբ, մեծ թիվ են կազմում այդ երկրներից ժամանած ազգությամբ հայ ուսանողները։

Մեկնաբանել