Ափսոս, որ ֆիլմերը ռեժիսորներին չեն պատկանում. Հարություն Խաչատրյան

Հուլիսի 8-ին մեկնարկում է Հայաստանի ամենահեղինակավոր և սպասված կինոիրադարձությունը` «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը: Ընդամենը մի քանի օր տևող փառատոնին պատրաստվում են ամբողջ տարվա ընթացքում: Օրերս «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը վերադարձավ Կաննի կինոփառատոնից: ՍիվիՆեթ-ը ռեժիսորի հետ զրուցել է 9–րդ «Ոսկե ծիրանի» նորությունների, հյուրերի և խնդիրների մասին:

Ի՞նչ նպատակով էիք այս տարի մեկնել Կանն:

-Ամեն տարի մեծ փառատոններում մենք «Ոսկե ծիրանի» երեկո ենք կազմակերպում, որին հրավիրվում ենք ռեժիսորներին և պրոդյուսերներին: Ներկայացնում ենք փառատոնի պաստառը, ծանոթացնում նոր ծրագրին, մրցանակներին: Կաննում, այլ հանդիպումների շարքում, ես ավստրիական Film commission-ի տնօրեն Մարտին Շվայգհոֆերի հետ քննարկել եմ Միխայել Հանեկեի «Սերը» մեր փառատոնին ներկայացնելու հնարավորությունը: Թեև չգիտեի, թե որ ֆիլմերը կհաղթեն այս տարի Կաննում, Հանեկեի դեպքում կասկածներ չկային: Հստակ դեռ ոչինչ չեմ կարող ասել, սակայն շատ կուզենայի, որ գոնե մեկ անգամ ցուցադրվի Հայաստանում:

Բա՞րդ է այդ ֆիլմերի ցուցադրության թույլատվություն ստանալը:

-Բանն այն է, որ Կաննի պես փառատոնում հաղթելուց հետո ֆիլմերը մեծ արժեք են ձեռք բերում: Գոյություն ունի փառատոնային վարձույթ: Ընկերություններ կան, որոնք իմանալով, որ ֆիլմը մեծ վարձույթում չի հայտնվի, ձեռք են բերում այն հատուկ փառատոների համար: Փառատոների կազմակերպիչները մեկ-երկու ցուցադրության համար բավական մեծ գումար են վճարում և դիստրիբյուտորի ներդրումը արդարացվում է: Մեր տարածաշրջանում նման խոշոր կենտրոնների հետ միայն ռուսական ընկերություններն են համագործակցում: Հայաստանը հաճախ չի կարող մեծ գումարներ տրամադրել սեփական օրինակներ վարձելու համար, իսկ ռուսներն արդեն իրենք են որոշում՝ ում վաճառեն և ինչ գնով: Բավական տարօրինակ իրավիճակ է:

Օրինակ՝ մենք Կաննում ընտրել ենք ֆիլմեր, ռեժիսորները համաձայնել են, ի դեպ, նրանք միշտ են համաձայնում «Ոսկե ծիրանին» մասնակցել, սակայն ֆիլմը ռեժիսորի սեփականությունը չէ: Այն պրոդյուսերին է պատկանում: Օրինակ՝ Ֆրենսիս Կոպոլան արդեն տարիներ շարունակ իր նոր ֆիլմերի առաջին կամ երկրորդ ցուցադրության իրավունքը մեր փառատոնին է տրամադրում: Բայց այս անգամ նրա նոր ֆիլմի իրավունքն արդեն գնել է մի ռուսական ընկերություն և մենք ստիպված ենք նրանց հետ բանակցել:

Այնպես որ՝ դեռ հստակ չեմ կարող ասել, որ ֆիլմերը կհաջողվի բերել այս տարի «Ոսկե ծիրան»:

Ովքե՞ր են լինելու այս տարվա կինոփառատոնի հյուրերը:

-Ես Կաննում հանդիպեցի այն ռեժիսորներին, որոնք տարբեր տարիներին մասնակցել են «Ոսկե ծիրանին»: Շատ կարևոր եմ համարում այդ կապերը պահպանելը: Դա շահեկան է առաջին հերթին հանդիսատեսի համար, որին ջանում եմ կապել մի հեղինակի հետ, այլ ոչ ամեն տարի նոր հեղինակի աշխատանք բերել, որը կտեսնեն ու կմոռանան: Այս տարի հրավիրել ենք Ուլրիխ Զայդլին, որը հանճարեղ ռեժիսոր է: Էական չէ`նրա ֆիլմը հաղթե՞ց Կաննում, թե՞ ոչ, քանի որ եթե հայտնվել է Կաննում`չի կարող անհաջող լինել: Հրավիրել ենք նաև Լեո Կարաքսին և իր «Աստվածային շարժիչներ» ֆիլմը, որը տարօրինակ տպավորություն էր թողել Կաննում: Կարաքսը հետաքրքիր հեղինակ է: Հինգ տարի առաջ մենք փառատոնին նրա ռետրոսպեկտիվն ենք ցուցադրել և ուրախ կլինեինք տեսնել նրան «Ոսկե ծիրանին»: Կարաքսը համաձայնել է, հիմա ամեն ինչ կախված է պրոդյուսերներից և փառատոնի թիմի աշխատանքից:

Սպասում ենք նաև Դարդեն եղբայրներին, որոնց հետ բանակցում է Արսինե Խանջյանը: Կրկին ծրագրում ենք նրանց ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն կազմակերպել:

Հստակ է, որ «Ոսկե ծիրանին» կցուցադրենք Սերգեյ Լոզնիցայի «Մշուշումը», որն ի դեպ Կաննում քննադատների FIPRESSI մրցանակի է արժանացել:

Արդեն տոմսեր են գնվել իտալացի ռեժիսոր Վիկտոր Էրիսեի համար, որը կլինի ժյուրիի նախագահը:

Իսկ նոր մրցանակներ կլինե՞ն:

-Վեհափառ Գարեգին երկրորդի հետ միասին մի մրցանակ ենք սահմանել, որի նպատակն է աշխարհին ներկայացնել նաև հայկական եկեղեցին: Այն ամենամյա կլինի և պիտի շնորհվի հոգևոր թեմաներով լավագույն ֆիլմեր ստեղծած հեղինակներին: Առաջին թեկնածուն մեր փառատոնի մշտական մասնակիցներից մեկն է` Ալեքսանդր Սոկուրովը: Այս տարի «Գիրք և կինո» ծրագրի շրջանակում կներկայացնենք նրա «Ֆաուստը»: Եթե Կաթողիկոսը հաստատի նրա թեկնածությունը, ապա այս ամռանը գեղեցիկ մի արարողություն կկազմակերպվի Էջմիածնում և առաջին մրցանակը կհանձնենք Սոկուրովին:

Իսկ Ժյուրիի կազմն արդեն հայտնի՞ է:

Հայտնի է, բայց դեռ չեմ կարող հրապարակել:

Մեկնաբանել