Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով քաղաքացին փորձել է «հաշիշի յուղ» և «մարիխուանա» ներկրել

Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստանի քաղաքացին փորձել է 56 սրվակ «հաշիշի յուղ» և 5 սրվակ ու տուփ «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ ներկրել։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից

«Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը: Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, ուղեբեռում հայտնաբերվել են սուր հոտով, հաշիշի յուղի նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: