Արշակ Կարապետյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Կառավարության կայքում հայտարարություն է հրապարկվել՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին։

Արշակ Կարապետյանն ապրիլի 6-ին ազատվել էր Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին էր ներկայացրել Արշակ Կարապետյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»,- ասվում է Կառավարության հայտարարությունում։

Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։ 2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Փետրվարի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատել էր գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությունը։ Վարչապետի հայտարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Տիրան Խաչատրյանին՝ խնդրելով մեկնաբանել «10 տոկոսով պայթելու» հայտարարությունը, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը, ըստ լրատվամիջոցի՝ երկար ծիծաղել էր ու պատասխանել. «Իհարկե հնարավոր չէ… Ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ…»։

Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել առնչվող երկու հրաման, իր օգտին բարենպաստ վարչական ակտ ընդունել և իրեն վերականգնել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։

Մեկնաբանել