Սյունիքի դեպքերի շարունակությունը․ բողոքի ակցիա և բախումներ դատախազության մոտ

Ապրիլի 22-ի երեկոյան Դատախազության շենքի առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների։ Ակցիայի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 20 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի մոտենա և պատասխանի իրենց հարցերին։

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև ընդհարում է եղել, 14 անձ է բերման է ենթարկվել: Հրմշտոցի ընթացքում նաև մեկ ոստիկանի ինքնազգացողություն է վատացել։

Ավելի ուշ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ «Փոխարենը ելույթների միջոցով պահանջում էին այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրեական գործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ»,- գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ։ Ագարակում և Մեղրիում Փաշինյանին բողոքի ակցիաներով էին դիմավորել։ Վարչապետը քայլերթեր էր իրականացրել քաղաքներում, որոնք ուղեկցվել էին մարդկանց խմբերի կողմից հայհոյախառն վանկարկումներով։ Բողոքողները նաև փորձել էին փակել Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը։

Ավելի ուշ վարչապետը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն էր անցկացրել։ Մեղրիի միջադեպի վերաբերյալ Փաշինյանը՝ դիմելով ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, ասել էր․ «Ակնկալում եմ, որ կտրուկ գործողություններ կարվեն և մեղավորները կկանչվեն պատասխանատվության»։

Սյունիքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը, քննչական կոմիտե էին բերվել նաև շուռնուխի բնակիչներ։

Մեկնաբանել