Զենքի մատակարարումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է․ Զախարովան արձագանքել է Ալիևին

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը բողոք էր հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարումների խոստման համար։

«Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը […]: Ռուսաստանի կողմից զենքի արտասահմանյան մատակարարումների իրականացումը նրա ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Զախարովան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում կազմակերպված իր շաբաթական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ CNN Turk-ին տված հարցազրույցում մեղադրել էր Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու և ռևանշիստական տրամադրությունների համար և «անտրամաբանական» անվանել Հայաստանին զենք մատակարարելու ռուսական կողմի հայտարարությունները։

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց կուզեի ուշադրություն դարձնել, որ մենք ունենք համապատասխան փոխգործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի իր պաշտոնակից Արշակ Կարապետյանի հետ Մոսկվայում հանդիպմանը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին արդիականացնելու բանակը։

Մեկնաբանել