Առաջնորդներ կամ խոստումներ. ի՞նչն է վրաց հանրությունը կարևորում քվեարկելիս

georgia elections

Հոդվածը՝ Ծիսանա Խունդաձեի և The Caucasus Datablog-ի, OC Media

Հետազոտողները հաճախ խոսում են քաղաքականության և քաղաքական առաջնորդների կարևորության մասին, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը կախված է ընտրողների քաղաքական մշակույթից: Այսպիսով, որո՞նք են Վրաստանում մարդկանց համար ամենակարևոր գործոնները, երբ նրանք որոշում են, թե ում օգտին քվեարկել:

Այս հարցն արդիական դարձավ 2021 թ․ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլից առաջ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանելուն պես։ Ակտիվորեն քննարկվում է հարցը, թե արդյոք դա, ի վերջո, ազդե՞ց ընտրությունների արդյունքների վրա:

Թեև Վրաստան Սաակաշվիլիի ժամանման ազդեցության հարցը, ամենայն հավանականությամբ, կմնա անհասկանալի, Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության (ISFED) 2021 թ․ օգոստոսին անցկացրած հարցման տվյալները (հարցումն անցկացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Վրաստանը (CRRC)) ցույց են տալիս, որ թեև քաղաքականությունը կարևոր է ընտրողների համար, քաղաքական առաջնորդների գործոնն ամենակարևորն է, երբ նրանք որոշում են, թե ում օգտին քվեարկել:

Ընտրական գործընթացների վերաբերյալ ISFED-ի 2021 թ․ օգոստոսի հետազոտությունը ցույց է տալիս, որ այս կամ այն ուժի օգտին քվեարկելիս կուսակցության նախընտրական ծրագիրը և խոստումները որպես ամենակարևոր գործոն է համարում հարցվածների մոտ մեկ երրորդը: Մոտավորապես նույնքան մարդ ասել է, որ ամենակարևոր գործոն է համարում քաղաքական կուսակցությունների առաջնորդների նկատմամբ վստահությունը։ Յուրաքանչյուր չորրորդը կարևոր է համարել վստահությունը կուսակցության կոնկրետ անդամների նկատմամբ։ Ավելի քիչ թվով հարցվածներ են նշել նախկինում կուսակցությունների կատարած աշխատանքը կամ այլ մարդկանց քաղաքական կարծիքը որպես ամենակարևոր գործոն։

Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ միակ գործոնը, որը թույլ է տալիս կանխատեսել, թե արդյո՞ք կուսակցության առաջնորդների նկատմամբ վստահությունը ինչ-որ մեկի համար ամենակարևորն է, այն է, թե որ կուսակցությանն են նրանք սատարում:

Մարդիկ, որոնք աջակցում են «Վրացական երազանք» կուսակցությանը կամ որևէ ընդդիմադիր կուսակցության, 1․3 և 1․4 անգամ ավելի հավանական է, որ ասեն, թե քաղաքական կուսակցության առաջնորդների նկատմամբ վստահությունը կարևոր գործոն է իրենց համար, երբ որոշում են, թե ում օգտին քվեարկել՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք չեն ասում, որ իրենք սատարում են որևէ կուսակցության։

Նմանատիպ վերաբերմունք ունեն տարբեր սեռի, տարիքի, բնակավայրի տեսակի, էթնիկ պատկանելության, կրթական մակարդակի, զբաղվածության տեսակի և տնտեսական տարբեր իրավիճակներում ապրող մարդիկ (այլ գործոններն անտեսված են):

Նշենք, որ այս և հաջորդիվ ներկայացվող գծապատկերները ստեղծվել են ռեգրեսիոն մոդելի հիման վրա: Այն ներառում է սեռը (տղամարդ, կին), տարիքային խումբը (18-34, 35-54, 55+), բնակավայրի տեսակը (մայրաքաղաք, քաղաք, գյուղական), էթնիկ պատկանելությունը (վրացի, էթնիկ փոքրամասնություն), կրթությունը (միջնակարգ կամ ցածր, միջնակարգ տեխնիկական, միջին և բարձրագույն հատուկ կրթություն), զբաղվածության կարգավիճակը (պետական հատված, մասնավոր հատված, մասնավոր հատվածում ինքնազբաղված, չաշխատող), հարցվողը կուսակցական է և տալիս է կուսակցությունների անուններ, որոնց գաղափարախոսությունն ամենամոտն է իր տեսակետներին («Վրացական երազանք», ընդդիմադիր կուսակցություն, կուսակցություն չի նշել (Չգիտեմ, Հրաժարվում եմ պատասխանել, Ոչ մի կուսակցություն) և տարբեր տեսակի սեփականության մասին հավելյալ ինդեքս, ունեցվածքի ընդհանուր ցուցանիշ:

Կուսակցության նախընտրական ծրագիրը և խոստումները որպես ամենակարևոր գործոն նշելու հարցում պատկերը տարբեր է՝ ըստ մի շարք բնութագրիչների:

Միջնակարգից բարձր կրթություն ունեցող մարդիկ 1․2 անգամ ավելի հավանական է, որ նշեն, թե կուսակցության նախընտրական ծրագիրը և խոստումները նույնքան կարևոր են, քան միջնակարգ կամ ցածր կրթություն ունեցողները։

Չաշխատողները և պետական կամ մասնավոր հատվածներում զբաղվածները համապատասխանաբար 1․2 և 1․4 անգամ ավելի հաճախ են նշել կուսակցությունների ծրագրերը և խոստումները, քան ինքնազբաղվածները։

«Վրացական երազանքի» աջակիցները 1․2 անգամ ավելի հաճախ են նշել, որ կուսակցության ծրագիրը և խոստումները նույնքան կարևոր են, երբ որոշել են, թե ում օգտին քվեարկել, համեմատած այն մարդկանց հետ, որոնք որևէ կուսակցության անուն չեն նշել:

Սեռի, տարիքի, բնակավայրի տեսակի, ազգային պատկանելության կամ տնտեսական վիճակի առումով (այլ գործոններն անտեսված են) էական տարբերություններ չեն եղել:

Թեև կուսակցական առաջնորդների նկատմամբ վստահությունը և կուսակցության խոստումները եղել են ամենակարևոր գործոնները, մարդիկ հակված էին նշել կուսակցությունների առաջնորդների նկատմամբ վստահությունը, երբ պետք է ընտրություն կատարեին այս երկուսի միջև:

Հարցվածների մոտ կեսը (48%) նշել է, որ ավելի կարևոր է, թե ովքեր են կուսակցության առաջնորդները։ Ի հակադրություն դրա, հարցվածների մեկ երրորդը (31%) ավելի կարևոր է համարել այն, թե ինչ է խոստացել տվյալ կուսակցությունը:

Մի շարք փոփոխականների շնորհիվ հնարավոր է կանխատեսել, թե ինչ հակվածություն ունեն մարդիկ: Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տվել, որ ի տարբերություն էթնիկ փոքրամասնությունների՝ էթնիկ վրացիները 1․5 անգամ ավելի հաճախ են որպես կարևոր գործոն նշել կուսակցության առաջնորդներին, քան խոստումները:

Ընդդիմության կողմնակիցները 1․2 անգամ ավելի հակված են համարելու, որ կուսակցությունների առաջնորդներն ավելի կարևոր են, քան «Վրացական երազանք»-ի կողմնակիցները:

Վերջապես, որքան հարուստ է տվյալ մարդու ընտանիքը, այդքան նա հակված է համաձայնելու, որ կուսակցության առաջնորդներն ավելի կարևոր են:

Այս հարցում էական տարբերություն չկա տարբեր սեռերի, տարիքի, բնակավայրերի տեսակների, կրթության մակարդակի կամ աշխատանքային կարգավիճակի մարդկանց պատասխանների միջև (այլ գործոններն անտեսված են):

Մարդիկ կարևոր են համարում կուսակցության ծրագիրն ու խոստումները, ինչպես նաև կուսակցության առաջնորդներին: Այնուամենայնիվ, մարդիկ հակված են ավելի շատ շեշտը դնել առաջնորդների վրա: «Վրացական երազանքի» կողմնակիցներն ավելի հակված են նշելու կուսակցության նախընտրական ծրագիրը և ավելի քիչ հակված են խոստումների փոխարեն նախընտրությունը տալ առաջնորդներին: Ընդդիմության կողմնակիցներն ավելի հակված են որպես ամենակարևոր գործոն նշել վստահությունն առաջնորդների նկատմամբ: Ի տարբերություն էթնիկ վրացիների՝ էթնիկ փոքրամասնությունները, կարծես, ավելի քիչ կարևորություն են տալիս առաջնորդների գործոնին։

Մեկնաբանել