Կալանավորվել են բարձրաստիճան սպաներ՝ զորամասի վրանները հափշտակելու և դրանք ՊՆ-ին վաճառելու համար

Քննչական կոմիտեն հայտնում է, որ կալանավորվել են Հայաստանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան սպաներ՝ զորամասի վրանները հափշտակելու, ապա նույն վրանները նախարարությանը վաճառելու համար։

Պարզվել է, որ զորամասերից մեկի թիկունքի պետ, գնդապետը, նույն զորամասի իրային ծառայության պետի հետ համաձայնությամբ հափշտակել է զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության 6 հատ չօգտագործված վրանները։

«6 վրանները հաշվառել են իբրև 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում անվերադարձ կորսված և այդ եղանակով հափշտակել են ընդհանուր 6,7 մլն դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները»,- ասված է հաղորդագրությունում։

Այնուհետև, թիկունքի պետը և իրային ծառայության պետը համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները պաշտպանության նախարարությանը վաճառելու վերաբերյալ։

«Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով զորամասի թիկունքի պետը նախնական համաձայնություն է ձեռք բերել զինված ուժերի գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետի հետ՝ հափշտակված գույքը նախարարությանը մատակարարելու վերաբերյալ»,- հայտնում է կոմիտեն։

Գործարքը կատարելու նպատակով զորամասի թիկունքը պետն օգոստոսի 10-ին այցելել է ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետին:

«Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետը, խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։ Նա օգտագործելով ՊՆ կարիքների համար վրանների ձեռքբերման անհրաժեշտությունը և տեղյակ լինելով զորամասի թիկունքի պետի մոտ առկա վրանների՝ նախարարությունից հափշտակված լինելու հանգամանքի մասին, նախաձեռնել է նշված թվով 6 վրանները ՊՆ-ի կողմից ձեռքբերելու գործընթաց, որի արդյունքում մինչև համապատասխան գնման պայմանագրի կնքելը, հափշտակված վրանները մատակարարվել են ՊՆ կենտրոնական իրային բազա, որից հետո, օգոստոսի 20-ին նոր միայն կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զորամասի իրային ծառայության պետը, նույն զորամասի թիկունքի պետը և զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետը ձերբակալվել են։ Վերջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Մեկնաբանել