Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, նախատեսվում է երկրորդ փուլ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատվիրակությունները կմեկնեն իրենց մայրաքաղաքները՝ խորհրդակցությունների համար։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև առաջիկայում բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը։

Բանակցությունների երկրորդ փուլի մասին խոսել է նաև ՌԴ պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա հայտնել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա բելառուսալեհական սահմանին։

«Բանակցություններում գտնվել են կետեր, որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»,- ասել է Մեդինսկին:

***

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններն ավարտվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բանակցությունները տևել են ավելի քան 5 ժամ։ Արդյունքների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

***

Երևանի ժամանակով ժամը 14:50-ի սահմաններում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները, հայտնում են ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները։

***

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինա-բելառուսական սահման՝ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Unian գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությանը։

Ուկրաինական պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ բանակցությունների առանցքային հարցը «կրակի անհապաղ դադարեցումն ու Ուկրաինայից զորքերի դուրսբերումն է»։

ՌԴ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Ռուսական պատվիրակության ղեկավարը ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին է:

***

Ռուսական պատվիրակությունն փետրվարի 27-ին մեկնել էր բելառուսական Գոմել քաղաք՝ ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, ասել էր, որ դեմ են Բելառուսում բանակցություններին, քանի որ այդտեղից հրթիռներ են թռչում դեպի Ուկրաինա։ Զելինսկին առաջարկել էր բանակցություններ անցկացնել Վարշավայում, Ստամբուլում կամ Բաքվում։

Ուկրաինայի ղեկավարի հայտարարություններից հետո ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել էր, որ ՌԴ ներկայացուցիչները մինչև ժամը 15:00-ն (Երևանի ժամանակով՝ 16։00) կսպասեն Ուկրաինայի կողմից Գոմելում հանդիպման համաձայնությանը․ «Մենք արդեն պատրաստվում էինք մեկնել, բայց ուկրաինական կողմից տեղեկություն ստացվեց բանակցությունների անցկացման հաստատման մասին»,- ժամը 15:30-ի սահմաններում ասել էր Մեդինսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի ուշ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Զելենսկին հայտարարեց, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան ուկրաինա-բելառուսական սահմանին` Պրիպյատ գետի շրջանում: