Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսանակ Վահան Հունանյանը։

Հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։

Հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի»։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 24-ին՝ Վիեննայում։

Մեկնաբանել