Բաքուն դեպի Նախիջևան միջանցք է ապահովում Իրանով

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Ռոստամ Ղոսեմիին:

Իրանով նոր հայտարարված տարանցիկ ճանապարհը կկապի Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Այն կանցնի Հայաստանի հետ Իրանի սահմանից 5 կմ հեռավորության վրա։

Մարտի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Ռոստամ Ղոսեմիին, ստորագրվել է հուշագիր՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանը Նախիջևանի էքսկլավին կապող միջանցք ստեղծելու մասին։

Ըստ էության, համաձայնագրով առաջարկվում է ստեղծել նոր երկաթուղի, նոր ավտոմայրուղի, ինչպես նաև կապի և էներգետիկ գծեր՝ բոլոր համապատասխան ենթակառուցվածքներով։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև իրանական ընկերությունների մասնակցությունը 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերականգնմանը, ինչպես նաև երկու երկրների միջև թռիչքների վերսկսմանը։

Միջանցքը իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին շուրջ մեկ տարվա պնդումներից հետո, որն անցնելու էր Հայաստանի հարավային Սյունիքի մարզով: Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև Հայաստանով անցնող կապը եռակողմ համաձայնագրի կետերից մեկն էր, որը վերջ դրեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, թեև այն երբեք «միջանցք» չի անվանվել։ Ալիևն ավելի վաղ սպառնացել էր «ուժով» բացել նման միջանցք։

Իրավապաշտպան, ադրբեջանական՝ Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին գովում է հուշագիրը:

«Ողջունելի է, որ նման համաձայնություն ձեռք բերվեց երկու երկրների միջև, թեկուզ ուշացումով։ [Հայաստանով անցնող միջանցքին] այլընտրանքները ոչ մեկին չեն վնասում»,- ասել է նա։

Սակայն ոչ բոլորն են ընկալել Իրանով անցնող նոր երթուղին որպես Հայաստանով անցնող միջանցքի այլընտրանք: Քաղաքական վերլուծաբան և Բաքվում գործող «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուն ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է, որ թեև «Իրանով հաղորդակցությունը կարող է կարևոր լինել միայն Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի համար», Զանգեզուրի միջանցքը «գլոբալ նախագիծ» է, որը կապում է Չինաստանը և ասիական այլ երկրներ Եվրոպային:

Օրուջլուն նաև ասել է, որ չի կանխատեսում, որ Հայաստանը կամավոր կբացի Զանգեզուրի միջանցքը, և որ Ադրբեջանի կողմից այն «ուժով բացելը» կլինի ամենաօպտիմալ ճանապարհը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել