ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակը չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը Մինսկի խմբի շրջանակում դեռ հավատարիմ է Ռուսաստանի հետ աշխատելուն՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղաշարժերը և էսկալացիոն այլ գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»․ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Պորտերը լրագրողների հետ գերատեսչության ամենօրյա ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին հարցին։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին 2020-ի նոյեմբերի հրադադարից հետո ստեղծված շփման գծում։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղաշարժերը և էսկալացիոն այլ գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- ասել է նա։
Փոխխոսնակը հիշեցրել է, որ մարտի 24-ին պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և «նա պարզապես կրկնել է այն, ինչ պետքարտուղար Բլինկենը մարտի 21-ին և 22-ին ասել է վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն դրսևորել և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ առկա բոլոր խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»։
«Հայաստանին և Ադրբեջանին ուղղակի անհրաժեշտ է օգտագործել ուղիղ կապի ուղիներ՝ անհապաղ դեէսկալացիայի համար»,- ասել է Ջալինա Պորտերը։
«Ի՞նչ վիճակում են հիմա միջնորդական ջանքերը։ Արդյոք Մինսկի խումբը դեռ գործո՞ւմ է։ Հաշվի առնելով, թե ինչ է Ռուսաստանն անում տարածաշրջանում, արդյոք դուք դեռ նրան գործընկեր համարո՞ւմ եք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում»,- հարց է ուղղել լրագրողը։
«Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելուն՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- ասել է Պորտերը։