«Տեքստը լրամշակված չէ»․ ընդդիմությունը հետաձգեց հայ-թուրքական կարգավորման հայտարարության քննարկումը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ի արտահերթ նիստում որոշվեց հետաձգել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության տեքստի քննարկումը՝ երկամսյա ժամկետով։ Ինչպես հայտնեց ընդդիմությունը՝ տեքստը լրամշակված չէ։

Այս նախագիծը օրակարգ էր բերել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Տեքստի շուրջ խորհրդարանական լսումները պետք է տեղի ունենային ապրիլի 21-ին, սակայն խափանվեցին, ըստ ԱԺ-ի, «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Դրանից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե «իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներն ապօրինաբար խոչընդոտվում են»։

Ուշագրավ է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստին ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագծի մասին զեկույցը ներկայացնելու փոխարեն խնդրեց հետաձգել քննարկումը. «Առաջարկում եմ հետաձգել այս հարցը, լրամշակման գործընթացն անելուց հետո մենք կներկայացնենք վերջնական տարբերակը, որն արդեն ճիշտ կլինի հանձնաժողովով քննարկել»,- ասաց Մինասյանը։

Արդեն հետաձգված տեքստում ընդդիմությունն առաջարկում էր «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով՝ մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»։

Գևորգ Թոսունյան