Արթիկի Վետերանների միության շենքում հրդեհը անզգուշության հետևանք էր

արթիկի վետերանների միություն

Արթիկի վետերանների միության շենքում նախնական տվյալներով հրդեհը բռնկվել էր անզգուշության՝ ծխախոտի հետևանքով։

Հունիսի 13-ին ակտիվիստ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ահազանգ է ստացել, թե «ինչ-որ թափթփուկներ գիշերը մտել են Արթիկի Վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել Ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները»։ Գրառումը մեծ տարածում էր ստացել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի՝ #CivilNetCheck-ի հետ զրույցում Արթիկի համայնքապետարանի ներկայացուցիչները հայտնել էին, որ միության սենյակում հրդեհ եղել է, սակայն հանգամանքները դեռ պարզ չեն։

Նա նաև տեղեկացրել էր, որ պատին ոչ Ապրիլիյան, ոչ 44-օրյա պատերազմների հերոսների նկարներ չեն եղել․ «Եղել են միայն Առաջին արցախյան պատերազմի և Հայրենական պատերազմի մասնակից մեր արթիկցիների նկարները»։

#CivilNetCheck-ի հետ զրույցում հունիսի 20-ին արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության գլխավոր հետաքննիչ Սերգեյ Հայրապետյանը հայտնեց, որ քննությամբ պարզվել է՝ հրդեհը դիտավորության արդյունք չէ։

«Այդ սենյակում են հավաքվում վետերանները, ժամանակ են անցկացնում, այդ մի սենյակն է, որը համայնքային սեփականություն է։ Եվ հրդեհը, ամենանայն հավանականությամբ, բռնկվել է ծխախոտի անզգույշ օգտագործման հետևանքով»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը հաստատել է՝ կողմնակի մարդ սենյակ ներս չի մտել։

Նշեց՝ թեև հետաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն առաջիկա օրերին որոշում կկայացվի քրեական գործը կարճել․ դատախազի հետ համաձայնեցված է։

Մեկնաբանել