Սահմանազատման հարցով հանձնաժողովների երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսին՝ Մոսկվայում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների երկրորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:

***

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել էին հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հանդիպմանը նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել սահմանին առաջին հանդիպումն անցկացնելու շուրջ։

Մեկնաբանել