Արցախի սահմանադրական փոփոխությունների նախագիծը «բավական հարցեր է առաջացնում»․ Արտակ Բեգլարյան 

«Չեմ կարող շատ մանրակրկիտ խորքային վերլուծության ենթարկել, անկեղծորեն, չեմ էլ հասցրել լրջորեն ուսումնասիրել նախագիծը, վերլուծել, բայց առևերույթ, այո՛, բավականին հարցեր առաջանում են, խնդիրներ կարող են առաջանալ՝ հիմնականում Սահմանադրության կայունության և իքնաբավության հետ կապված»․ Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին հարցին այսպես պատասխանեց հեռացող պետական նախարար Արտակ Բեգլարյանը, որը նոյեմբերի 3-ին ամփոփիչ ասուլիս էր հրավիրել։

Բեգլարյանը կարծում է, որ պետք է այնպիսի բարեփոխումներ լինեն, որոնք լրացուցիչ ռիսկերի, ցնցումների չենթարկենք սահմանադրական կարգը․ «Մյուս կողմից, ես գիտակցում եմ, որ առկա անորոշությունների և արտաքին սպառնալիքների պայմաններում պետք է Սահմանադրությունը ավելի ճկուն լինի և այլընտրանքային լուծումներ գտնի, որպեսզի փակուղային իրավիճակում չհայտնվենք պետական կառավարման առումով, պառլամենտի կամ նախագահի ընտրության առումով, և այլն։ Այդ տեսանկյունից լուծումները Ազգային ժողովի միջոցով պետք է լինեն։ Մեկ այլ տարբերակ է, որ հնարավորության դեպքում հանրաքվեներ պիտի լինեն, ընտրություններ լինեն, միջանկյալ լուծումներ տրվեն Ազգային ժողովի կողմից, կամ որոշակի միջնորդավորված ընտրություններ տեղի ունենան, ոչ թե ուղղակի ընտրություններ, այլ անուղղակի ընտրություններ»։

Նոյեմբերի 3-ին երեկոյան Արցախի Ազգային ժողովը 30 կողմ ձայնով Սահմանադրության փոփոխության նախագիծը ուղարկել է Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։ Իսկ հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել էր այն:

Ըստ նախագծի՝ Սահմանադրության մի շարք հոդվածներ կարող են փոփոխվել առանց հանրաքվեի, դրա համար բավարար է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի որոշումը։ Իսկ փոփոխոխությունները կարող են նախաձեռնել Հանրապետության նախագահը, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսը և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Ավելի վաղ հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: ԱԺ մտած նախագծում այս դրույթը չկա։ Սահմանադրության փոփոխությամբ՝ նախագահական համակարգից անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Արցախի գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006-ին, փոփոխվել՝ 2017-ին։ Սահմանադրության ընդունման, ինչպես նաև փոփոխման պահին Արցախի իրավազորությունը տարածվում էր ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) գերակշիռ մասի, այլև նախկին ԼՂԻՄ-ին հարակից Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջանների վրա՝ ամբողջությամբ կամ մասամբ։ 2020-ի պատերազմից հետո Արցախը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն յոթ շրջանների, այլև նախկին ԼՂԻՄ-ի որոշ տարածքների նկատմամբ, այդ թվում՝ Շուշի քաղաքի և ամբողջ Հադրութի շրջանի։

Մեկնաբանել