Ադրբեջանին հարկավոր է ազգայնական միլիտարիզմին այլընտրանք ունենալ․ հայացք ներսից

Լուսանկարը՝ Իսմի Աղաևի/OC Media

Բահրուզ Սամադով, OC Media

Քանի որ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվանա և Բաքվի իշխանությանը ներկայացնի այլընտրանք, որը կլինի առաջադեմ և մարտահրավեր կնետի այս իշխանության հիմքում ընկած ազգայնական միլիտարիզմին։

Ադրբեջանի իշխող ռեժիմը բնութագրվել է տարբեր ձևերով, հաճախ խիստ հակասական: 2010-ականներին դրա անցումն ավտորիտարիզմին ուղեկցվել է կատաղի ազգայնականությամբ և հայերի նկատմամբ ատելության աճով։ Ոմանք կարող են պնդել, որ դա լեգիտիմություն ձեռք բերելու պոպուլիստական քայլ էր:

Արդյունքում, և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, ռեժիմը, կարծես, վճռական է՝ հասնելու իր նպատակներին ռազմական բռնության և Ադրբեջանի կազմում հայերի ու քաղաքական ակտիվիստների ներկայությունը բացառելու միջոցով:

Ռազմական բռնություններին զուգընթաց Ադրբեջանը նախաձեռնել է իռեդենտիստական նոր արշավ՝ պահանջներ ներկայացնելու հայկական տարածքների նկատմամբ, որոնք «պատմականորեն պատկանել են Ադրբեջանին»:

Բախումները, կռիվները և հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքները սովորական են դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև, դրանցից ամենահայտնին 2022 թ․ սեպտեմբերյան երկօրյա պատերազմն էր, որը հարյուրավոր կյանքեր խլեց։

Սեպտեմբերյան բախումները հանգեցրին միջազգային համատարած դատապարտման՝ ինչն Ադրբեջանին ստիպեց, որ փոխարենը գնա Լաչինի միջանցքում «էկոակտիվիստներին» զենքի վերածելու ճանապարհով՝ միջանցքը փաստացի արգելափակելով 2022 թ․ դեկտեմբերից: Այս ակտիվիստները պնդում են, թե բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, չնայած ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններ են կանգնած նրանց ետևում։

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը դրսի հետ կապող միակ ճանապարհն է:

Սա նման է այն ռազմավարությանը, որը կիրառվել է Մինսկի կողմից 2021 թ․ Բելառուս-ԵՄ փախստականների ճգնաժամի ժամանակ, երբ Բելառուսը եվրոպական երկրների հետ իր ընդհանուր սահմաններին փախստականների մարմիններն օգտագործում էր իր օրակարգն առաջ մղելու համար: Երկու դեպքում էլ, այս պերֆորմատիվ ավտորիտար տեսարանները բեմադրվում են լեգիտիմ հիմքերով պետական ​​միջամտությունից խուսափելու և դա հերքելու քաղաքական անհրաժեշտությունից ելնելով:

Ադրբեջանում, որտեղ ցանկացած հրապարակային ցույց արգելված է, իսկ էկոակտիվիզմ գրեթե գոյություն չունի, «բնապահպանական մտահոգությունների» տեսարանը առաջ է մղում տարածքային վերահսկողության ավտորիտար պետական տրամաբանությունը՝ ավելի լայն ժողովրդավարացման և երկրորդ հարթակի դիվանագիտության փոխարեն:

Ադրբեջանում շատերը «բնապահպանական բողոքները» քննադատեցին այս ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա դրանց հնարավոր աղետալի հետևանքների, այլ ադրբեջանական պետության վրա դրանց վնասակար ազդեցության համար։

Նրանք, ովքեր դեմ են արտահայտվել «բնապահպանական բողոքի ակցիաներին», մտահոգություն են հայտնել վնասի վերաբերյալ, որը նրանք կարող են հասցնել Ադրբեջանի միջազգային հեղինակությանը։

Նրանք նաև մտահոգված էին, որ բողոքի ակցիան կարող է մեծացնել ռուսական խաղաղապահ առաքելության լեգիտիմությունը, որը միջանցքը վերահսկում է՝ համաձայն 2020 թ․ հրադադարի մասին հայտարարության: Սակայն նրանք, ովքեր դեմ են արտահայտվել շրջափակմանը, կարծում են, որ Լաչինի միջանցքը պետք է վերահսկի Ադրբեջանը:

Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներից քչերն են փորձել մարտահրավեր նետել և փոխել հայերի նկատմամբ ապամարդկայնացնող, շովինիստական և գրեթե ֆաշիստական մոտեցումը, որը գերիշխող է Ադրբեջանում:

Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) անդամ Նաթիգ Ջաֆարլին էլ ավելի հեռուն գնաց՝ հերքելով միջանցքի փակումը և արդարացնելով Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումը։ Շրջափակման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքով առաջնորդվելու մոտեցումը նրանց ստիպում է «մոռանալ» Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին։

Արևմուտքի աջակցությունն ստացող որոշ ակտիվիստներ, ինչպիսիք են Էրկին Գադիրլին և Խադիջա Իսմայիլը, կարծես թե քողարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մարդու իրավունքների օրակարգը: Օրինակ՝ Իսմայիլը պնդում է, որ տարածաշրջանի հայերը պետք է ընդունեին Ադրբեջանի ինքնիշխանությունը 1992 թ․, երբ այն ժողովրդավարական երկիր էր։ Սակայն նա անտեսում է այն փաստը, որ Էլչիբեյի ղեկավարած Ադրբեջանն էր պատասխանատու նույն թվականին Մարտակերտից (Աղդարա) բազմաթիվ հայերի տեղահանման համար:

Ներկայիս ռեժիմը վերցնում է Ադրբեջանի նախկին կառավարությունների վատագույն կողմերը. այն պահանջում է ենթարկվել և պատժում է, եթե հրաժարվում են ենթարկվելուց, ինչպես երևում է Լաչինի միջանցքի շրջափակման դեպքում։

Այս ֆոնին Ֆեմինիստական Feminist Peace Collective-ի հայտարարությունում իրադարձությունները նկարագրվում են որպես նեոգաղութային պետական բռնություն։ Ադրբեջանի կառավարությունը պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական գոյաբանական անապահովության զգացում ստեղծելու կոշտ քաղաքականություն է վարում։ Բայց անապահովության վիճակը կիսում են նաև ռեժիմի ներքին թշնամիները:

Ռազմական ազգայնականություն, շանտաժ և Բախտիյար Հաջիև

Երկրորդ խնդիրը, որը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում ավտորիտար մեկուսացման վրա, Բախտիյար Հաջիևի բանտարկությունն է։ Երկար տարիներ քաղաքական ակտիվիզմով զբաղվող Հաջիևը դեկտեմբերից գտնվում է նախնական կալանքի տակ։ Նա 50 օր հացադուլ է հայտարարել՝ ի նշան իր կալանքի դեմ բողոքի։

Ինչպես ադրբեջանական քաղաքական սպեկտրի մեծ մասը, նա ևս ողջ սրտով տոնում էր 2020 թ․ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը։ Դա հայացքների կտրուկ փոփոխություն էր համեմատած հայացքների հետ, որ նա ուներ, երբ 2010-ականների սկզբին բանտարկվեց զորակոչից խուսափելու համար: Սակայն որպես հայրենասեր նա ակտիվորեն մասնակցել է 2020 թ․ պատերազմի փառաբանմանը։

Պատերազմից հետո Հաջիևը քննադատեց հրադադարի արդյունքները. նա պնդում էր, թե դա «մասնակի հաղթանակ» է, և որ Ռուսաստանը կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, ինչպես դա արեց Վրաստանում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Ակտիվիստը քննադատեց նախագահ Իլհամ Ալիևին Ռուսաստանի նկատմամբ բավական կոշտ չլինելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ելույթներում հայկական տեղանուններ օգտագործելու համար։

Ռազմական բռնությունը դատապարտելու փոխարեն Հաջիևը վերածվեց այլ տեսակի ազգայնականի. անկեղծ արևմտամետ ազգայնական, որը մերժում է Ալիևի միակ պահանջը ադրբեջանական ազգի նկատմամբ. նա նաև ընդունում և սատարում է ադրբեջանական ազգայնականության ապամարդկայնացնող մոտեցումը:

Ադրբեջանի ազգայնական միջավայրում հենց այս տեսակի ազգայնական գործիչներն են համակարգային պատժի թիրախում հայտնվում։ Ի տարբերություն հակառազմական բազմաթիվ ակտիվիստների, նման գործիչները փորձում են վիճարկել գերիշխող ազգայնականության՝ ռեժիմի հետ կապված ասպեկտները՝ չվիճարկելով դրա բացառողական տրամաբանությունը:

Այս և շատ այլ պատճառներով, նաև բախվելով նրա երկարատև հացադուլին, Բաքուն որոշեց վարկաբեկել Հաջիևին՝ Telegram-ի ալիքներում հրապարակելով նրա ինտիմ բնույթի հաղորդագրությունները, լուսանկարները և տեսանյութերը:

Ռեժիմը հաճախ է սեռական շանտաժի դիմել իր հակառակորդներին բարոյազրկելու համար, և Հաջիևն առաջինը չէր, որն այս կերպ էր թիրախավորվում։

Զավեշտալի է, որ Հաջիևին ակտիվորեն պաշտպանում են նրանք, ովքեր դեմ են միլիտարիզմին և չեն կիսում նրա ազգայնական արժեքները։

Հաջիևին ազատ արձակելու պահանջով Բաքվի Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի փոքրիկ ակցիայի երկու մասնակիցներ՝ Սամիր Սուլթանը և հակառազմական «Ժողովրդավարություն 1918» շարժման անդամ Աֆիյադին Մամադովը, 30 օրով կալանավորվել են։

Ընդհանուր ողբերգություն

Ամեն տարի փետրվարի վերջին ադրբեջանցիներն ու հայերը նշում են համապատասխանաբար Խոջալուի և Սումգայիթի ջարդերը։ Երկու ժողովուրդներից ոչ ոք չի հիշում մյուս կողմի զոհերին։

Սակայն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս տարի խախտեց այդ կանոնը՝ հարգելով երկու կողմերի ողբերգությունների զոհերի հիշատակը:

Զարմանալի չէ, որ ադրբեջանական հասարակությունում դեռ չեն հայտնվել այնպիսի գործիչներ, որոնք պատրաստ են հանրային դիսկուրսում խոսել այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսիք Սումգայիթի ջարդերն են։

Ենթադրենք, մենք ուզում ենք պայքարել ազգայնական բռնության և ոչնչացման վերաբերյալ երևակայությունների դեմ: Անկախ ամեն ինչից մենք պետք է ընդունենք անցյալը և ըմբռնենք Ադրբեջանի բացառող ավտորիտարիզմի տրամաբանությունը, որն իր ներկայությունն արդարացնում է պատմությունը միակողմանի մեկնաբանելու և այն զենքի վերածելու միջոցով։

Նույնիսկ տարիների տառապանքներից հետո Ադրբեջանի հիմնական ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը դեռ չեն հասկանում սա:

Նրանք ավտորիտար խաղաղությանն առաջադեմ այլընտրանք չեն առաջարկում, այլընտրանք, որը հիմնված կլինի միասնականության ժողովրդավարական տեսլականի, «հաղթած ազգի» պատմույթը և պետական մակարդակով իրականացվող բռնության քննադատության, և ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և քաղաքական սպեկտրի հետ ուղիղ և թափանցիկ հաղորդակցություն հաստատելու վրա։

Առանց այլընտրանքի, ադրբեջանական հասարակությանը Հարավային Կովկասում բռնության ևս մեկ փուլ է սպասվում:

Բահրուզ Սամադովը քաղաքական ակտիվիստ է և Պրահայի Կառլի համալսարանի դոկտորական թեկնածու:

Մեկնաբանել