Սոցցանցերում բուռն քննարկում են Ադրբեջանի դրոշի այրումը 

Ադրբեջանցի մարզիկները լքում են Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ուրբաթ մրցաշարի բացման արարողությանը Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպից հետո։

Ուրբաթ երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը միջադեպ է տեղի ունեցել․ երբ Ադրբեջանի դրոշը բեմ են բարձրացրել՝ ի շարս առաջնությանը մասնակցող մյուս երկրների դրոշների, և իջեցրել բեմահարթակի մոտ, դահլիճում ներկաներից մեկը այն այրել է: Դրոշն այրողը, ինչպես պարզվել է հետո, քաղաքացի Արամ Նիկոլյանն է, որը միջադեպից հետո բերման է ենթարկվել ոստիկանություն և ավելի ուշ ազատ արձակվել։

Շաբաթ օրը հայտարարվել է, որ ադրբեջանցի մարզիկները լքում են Երևանում անցկացվող առաջնությունը։

Այս միջադեպը հայկական սոցցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Մարդկանց մի մասը արդարացնում է Նիկոլյանի արարքը՝ ընդգծելով ադրբեջանցիների կողմից շարունակվող շրջափակումն ու հայատյաց քաղաքականությունը Արցախում, ընդամենը օրեր առաջ Սյունիքի Տեղ գյուղում չորս հայ զինծառայողի մահվան հանգեցրած զինված սադրանքը և Հայաստանի տարածք անցած ադրբեջանցի զինվորի կողմից խաղաղ բնակչի սպանությունը։

Ընդդիմադիրբ գործիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ողջունում եմ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն իրականացնող թշնամական երկրի դրոշի անարգումը. առհասարակ, այդ դրոշը չպետք է հայտնվեր Երևանում։ Թշնամու «կոշիկ լիզող» քպ-ականների համար թող սա լավ դաս լինի»։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մինչդեռ, ներողություն է խնդրել միջադեպի համար․

«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»։

Հրապարակախոս, ՍիվիլՆեթի սյունակագիր Լուսինե Հովհաննիսյանն այսպես է արձագանքել դրոշը այրելուն․ «Պատերազմից հետո, պատերազմի ժամանակ թշնամու (հակառակորդի) դրոշը պարտված երկրի մայրաքաղաքում չեն ծածանում. էդքան բան: Մնացածը մնացած է (ерунда)»։

Միչիգանի Դիրբորնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Արա Սանճեանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դրօշակ այրելու դէպքը ո՛չ սկիզբն էր եւ դժբախտաբար ո՛չ ալ վերջը պիտի ըլլայ․․․Ճիշդ է, որ այսօրուան Հայաստանին մէջ ամուր քաղաքական կուսակցութիւններ չկան, բայց վերջին տարիներուն հասարակական խօսոյթը բաւական յստակ բաժնուած է երկու մեծ գաղափարախօսական հոսանքներու, բնականաբար՝ իրենց տարբեր երանգներ ունեցող ենթախումբերով։Փաստօրէն՝ երկու Հայաստան՝ նոյն երկրին կամ պետութեան սահմաններէն ներս, իրարմէ բաւական յստակ տարբերող գաղափարական համոզումներով ու տեսլականներով․․․Ի հարկէ, Հայաստանը ներքուստ երկփեղկուած միակ երկիրը չէ աշխարհի վրայ այսօր։ Վերջին տարիներուն, նման բեւեռացումներ կ’արձանագրուին այլ պետութիւններու մէջ եւս։Սակայն, այդ նմանութիւնը երբեք մխիթարանք կամ հանգստացում պէտք չէ ըլլայ։ Երկփեղկուածութեան գաղափարական հիմքերուն տարբերութիւններէն թերեւս աւելի մտահոգիչ ու վտանգաւոր է երկու հոսանքներուն որոշ գաղափարախօսներուն կողմէ օրաւուր թողարկուող անհանդուրժողութիւնը, փոխադարձ մեղադրանքները (մեծ մասամբ՝ ծայրայեղացուած եւ անհիմն), իւրանչիւրի իր գաղափարակիցին կամ գաղափարակիցներուն կողմէ հակառակորդի մը կամ հակառակորդներու դէմ ի գործ դրուած բռնութեան այլազան արարքներն արդարացնելն ու պանծացնելը։Գաղափարական հարցերու մէջ ոեւէ մտածող մարդ չի կրնար բացարձակապէս չէզոք ըլլալ, նոյնիսկ՝ եթէ հրապարակաւ յաւակնի ըլլալ այդպիսին։ Բայց կարելի չէ՞ այդ տարբերութիւնները նուազ քինախնդիր ու քիչ մը աւելի բարեացակամ քննարկել, ո՛չ միայն մեղադրել ու դատապարտել, այլ նաեւ քիչ մը լսել ու փորձել հասկնալ։ Այն ինչ, որ առտու-իրիկուն կը կարդամ Ֆէյսպուքի վրայ (ներառեալ՝ ի պաշտօնէ մտաւորական խաւի մաս համարուող անհատներու կողմէ) վաղուց դադրած է յոյս ներշնչելէ։Չընտրեցի հայ ըլլալս։ Ստիպուած պիտի հանդուրժեմ… «Պոէտ» չեմ, բայց ջանք կը թափեմ շուրթերս (շրթունքներս) չպղծել անէծքով… Յուսամ կրնամ այդ ուղղութեամբ հաստատակամ մնալ։ Դիւրին չէ»:

Տաթևիկ Հարությունյան անունով օգտատերն էլ գրում է

«Եթե ես իմանամ, որ Ադրբեջանի դրոշ այրելը Հայաստանին կբերի գոնե մեկ օգուտ, հենց հիմա հարյուր հատ կվառեմ… բայց տենց չի… դրոշ վառելով կորցրեցինք Արցախը, հիմա կորցնում ենք Ջերմուկն ու Սյունիքը… Ամեն անգամ նման շոուներից հետո ես մտածում եմ քանի գերի կսպանվի և կխոշտանգվի, կամ սահմանին՝ զինվոր… Դրոշ այրելով չեն հաղթում կամ ստորացնում, այլ իրական հաղթանակով… Ու շատ ափսոս, որ իրենց մարզիկները հետ են գնում, թող մնային, պարտվեին և իրապես ստորացված գնային…Քանի դեռ դրոշ այրելով ենք «լավ տղա» ձևանում, դեռ շատ աճելու տեղ ունենք…Նշում. իմ կարծիքը սուբյեկտիվ է և կարող է ձերի հետ չհամընկնի»։

Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը նույնպես անդրադարձել է խնդրին․

«ՎԱՍՆ RESSENTIMENT-ի(դրոշներ այրելու հինավուրց ազգային սովորության առիթով)Ressentiment-ը ՀՈԳևՈՐ ԻՆՔՆԱԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է, որը խիստ որոշակի պատճառներ և հետևանքներ ունի։ Դա մի տևական հոգեկան տրամադրվածություն է, որը ծագում է որոշակի ինքնին բնականոն և մարդկային բնության հիմնաշերտին պատկանող հույզերի և աֆեկտների լիցքաթափումը սիստեմատիկորեն արգելակելու շնորհիվ և պատրանքային արժեքներ ստեղծելու և դրանց համապատասխանող արժեքային դատողություններ անելու տևական հակվածություն է առաջացնում։ <․․․>Վրեժի ազդակներն այնքան ավելի են նպաստում Ressentiment-ի ձևավորմանը, որքան ավելի է վրեժի զգացողությունը զուտ քինախնդրության վերածվում․ որքան ավելի է վրեժի ազդակների ուղղվածությունը մղվում անորոշ առարկաների ոլորտը, որոնք պետք է միայն մեկ պարտադիր ընդհանրական հատկանիշ ունենան, և միևնույն ժամանակ, որքան ավելի սակավ է այն՝ որոշակի առարկայի նկատմամբ վրեժի իրականացման շնորհիվ, բավարարություն գտնում։ Տևականորեն չբավարարվող վրեժի զգացողությունը – մանավանդ, երբ դրա հետ արդեն իսկ իր բնույթով կապված «իրավացի լինելու գիտակցությունը» (որը բացակայում է, օ-կ, կատաղության կամ զայրութի պորթկումներում) որոշակի «պարտքի» մասին գաղափարի աստիճանի է բարձրացվում, կարող է ուղղակի ներքինից թոշնեցնել մարդու և մահվան բերել։ Երբ քինախնդրություն է առաջանում, անմիջապես (առանց գիտակցված կամային ակտի) բնազդաբար միջադեպեր են փնտրվում, որոնք կարող են ներս գցված քենը գործի դնելու առիթ ընձեռել, կամ՝ պատրանքամետ տրամադրության շնորհիվ, ուրիշների բոլոր հնարավոր գործողությունների և արտահայտությունների մեջ, որ որևէ վնաս չէին նախատեսում, վնասաբերության կեղծ միտում է ներմուծվում։Մաքս Շելեր․ Ressentiment-ը բարոյականության կառուցվածքում»։

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը գրել է, որ «Ադրբեջանի դրոշի այրելը ցույց է տալիս, որ այս իշխանությունները հանձն առնելով միջազգային մրցաշար կազմակերպել, նույնիսկ նման պարզ բան չեն կարող հաշվարկել, որ դա թույլ չտան»։

Մեկնաբանել