Աճը խթանել է չզբաղվածությունը

Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ Հայաստանում տնտեսական աճը զուգակցվում է աշխատատեղերի ստեղծման հետ։ Վիճակագրական տվյալները, սակայն, չեն հաստատում նախարարի ասածը. այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված 5,6% տնտեսական աճի պայմաններում զբաղվածների թիվը կրճատվել է 2,2%-ով կամ 24 հազ-ով։

Երեկ ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցին, թե մասնագետները նշում են, որ Հայաստանում արձանագրված տնտեսական աճը կարծես արտացոլում չի գտնում այլ մակրոտնտեսական ցուցանիշներում, պատասխանեց, որ տնտեսական աճի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների միջև առկա է համադրելիություն։ Նրա խոսքով՝ այդ համադրելիությունը մասնավորապես երևում է գներում, հատկապես սեզոնային ապրանքների գների մասով: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարի, տնտեսական աճ արձանագրած բուսաբուծության ճյուղի աճի մասին վկայում է գյուղատնտեսական ապրանքների գնանկումը։ «Հենց այդ գնանկման արդյունքում մենք ունենք ցածր գնաճ»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ դրական զարգացումներ կան նաև աշխատաշուկայում։ «Չի կարելի ասել, որ գործազրկության էական նվազում կա, բայց թեթևակի նվազում կա»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ գործազրկության ավելացում չկա այն դեպքում, երբ այլ երկրներում խոսում են առանց աշխատատեղերի վերականգնման տնտեսական աճի մասին։ «Այս պահին համաշխարհային տնտեսությունը այնպիսին է, որ վերականգնումը շատ քիչ աշխատատեղերի ստեղծման հետ է զուգակցվում։ Մեզ մոտ կա աշխատատեղերի ստեղծում, պարզապես չափը շատ մեծ չէ»,– ասաց նախարարը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, սակայն, չեն հաստատում ֆինանսների նախարարի պնդումը: Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների, եթե անցած տարվա առաջին եռամսյակում տնտեսությունում զբաղվածների թիվը կազմել է 1,099 մլն (2011թ. ընդհանուր առմամբ 1,175 մլն), ապա այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածների թիվը կազմել է 1,075 մլն։ Ստացվում է, որ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղվածների թիվը նվազել է 24 հազ-ով կամ մոտ 2,2%-ով, իսկ անցած տարվա համեմատ՝ 100 հազ-ով կամ 8,5%-ով։ Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 5,6%, ընդ որում՝ այդ աճին հիմնականում նպաստել է արդյունաբերության (16,5%), ծառայությունների (11,5%) ոլորտներում արձանագրված աճը։

Երկրորդ եռամսյակում, երբ ըստ ԱՎԾ-ի՝ արձանագրվել է 6,6% տնտեսական աճ, օտարերկրյա ներդրումների ծավալը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2,3 անգամ, իսկ ուղղակի ներդրումներինը՝ 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ՝ 2012թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը անցած տարվա համեմատ կրճատվել է 39,4%-ով՝ կազմելով $266,1 մլն, իսկ ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 59,7%-ով՝ կազմելով $147,5 մլն-ով։ Ստացվում է, որ տնտեսությունն աճել է նույնիսկ առանց «դրսի» փողերի։

Մեկնաբանել