Ցուցարարները գրոհել են Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան վրա

Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի է ունեցել ակցիա ԱՄՆ-ում նկարահանված, սեպտեմբերի 11-ի հերթական տարելիցին նվիրված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի (որը ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց կրոնը և Մուհամադ մարգարեին) դեմ․ ակցիայի մասնակիցները ներխուժել են ամերիկյան դեսպանատան տարածք, հաղորդում է BBC-ն։

Ֆիլմը, որի հատվածները տեղադրվել են YouTube-ում, զայրույթ է առաջացրել մուսուլմանական աշխարհում։

Սանայում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում ցուցարարներն այրել են մի քանի մեքենա։ Ոստիկանությունը նախազգուշական կրակոցներ է արձակել օդ՝ փորձելով կանգնեցնել ամբոխին, սակայն նրանց հաջողվել է ներխուժել դեսպանատան տարածք։

«Մենք տեսնում ենք հրդեհ շենքի ներսում։ Անվտանգության ծառայության ներկայացուցիչները օդ են կրակում։ Ցուցարարները նահանջում են, սակայն հետո կրկին գրոհում են»,- տեղեկացրել է ականատեսը Reuters-ին։

Հաղորդվում է, որ մի քանի մարդ երկու կողմից վիրավորվել է, սակայն Reuters-ը փոխանցել է դեսպանատան հաղորդագրությունը, որում ասվում է, որ իր աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։

Անվտանգության ուժերը Սանայում կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և հրազեն՝ ցուցարարներին կանգնեցնելու համար, և արդյունքում կարողացել են վերահսկողության տակ վերցնել դեսպանատան տարածքը։ Ցույցերը շարունակվում են ամերիկյան դիվանագիտական առաքելության պատերի այն կողմում։

Հայտնի չէ՝ արդյոք հարձակման ժամանակ որևէ մեկը եղել է դեսպանատան տարածքում, թե ոչ։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ դեսպանատան աշխատակիցները տեղափոխվել էին անվտանգ վայր։

Հիշեցնենք, որ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստները հարձակում էին իրականացրել ամերիկյան հյուպատոսության շենքի վրա, որի հետևանքով զոհվել էր ամերիկացի չորս դիվանագետ, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։

Ֆիլմի պատճառով զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել նաև Թունիսում, որտեղ մի քանի ժամ տևած խաղաղ ցույցերից հետո ամբոխը փորձել է ներխուժել ԱՄՆ-ի դեսպանատուն։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Սեպտեմբերի 11-ին վրդովված ամբոխը Կահիրեում անցել էր Եգիպտոսում ԱՄՆ-ի՝ լավ պաշտպանված դեսպանատան շենքի պարսպի վրայով և Միացյալ Նահնագների դրոշը փոխարինել էր իսլամիստական սև դրոշով՝ «Չկա Աստված, բացի Ալլահից, և Մուհամադը նրա մարգարեն է» գրությամբ։ Ներկայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ցույցերը Կահիրեում շարունակվում են․ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների պատճառով վիրավորվել է ավելի քան 30 մարդ։

Մոտ 500 մարդ այսօր ցույցի է դուրս եկել նաև Թեհրանում՝ Շվեյցարիայի (որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը Իրանում) դեսպանատան շենքի մոտ՝ բողոքելու «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ։

Մեկնաբանել