Մեծ Բրիտանիայում նշում են Ջեյմս Բոնդի «50-ամյակը»

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են «գործակալ 007»-ի մասին հայտնի ֆիլմի 50-ամյակի միջոցառումները:

Այս առիթով՝ սեպտեմբերի 17-ից սկսած, վերջին կեսդարում բրիտանական «սուպերգործակալի» մասին ֆիլմերում նկարահանված աստղերը սկսել են երկրով մեկ շրջագայել Բոնդի սիրած «Ասթոն Մարտին» ավտոմեքենայով:

Դերասաններն այցելում են այն վայրերը, որտեղ տարբեր ժամանակներում նկարահանվել են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերը: «Հոբելյանական թիմի» կազմում է Ռոջեր Մուրը, որին ուղեկցում են Բոնդի «ընկերուհիներ» Բրիթ Էքլանդը, Յունիս Գեյսոնը և Շիրլի Իթոնը, ինչպես նաև ամերիկացի դերասան Ռիչարդ Քիլը:

Դերասանները կայցելեն Շոտլանդիա և Անգլիա՝ իրենց հետ վերցնելով «սուպերգործակալի» մասին պատմող 22 ֆիլմով «ոսկյա ճամպրուկը»: Գովազդային շրջագայությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին Լոնդոնի կենտրոնական առևտրային փողոցում՝ «Օքսֆորդ-սթրիթում»:

Հոկտեմբերի 26-ին բրիտանական էկրաններ կբարձրանա Ջեյմս Բոնդի մասին նոր՝ «007. «Սքայֆոլի» կոորդինատներ» ֆիլմը, որում լեգենդար գործակալին կմարմնավորի անգլիացի դերասան Դենիել Քրեյգը:

Ֆիլմի ավանդական երգը կկատարի բրիտանացի երիտասարդ երգչուհի Ադելը, որի ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով: Դենիել Քրեյգը համաձայնագիր է ստորագրել, ըստ որի նա Ջեյմս Բոնդի դերը կխաղա առնվազն երկու ֆիլմում:

Մեկնաբանել