Սերժ Սարգսյանը ցավակցել է ՌԴ պաշտպանության նախկին նախարարի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային: Հեռագրում, ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին:

Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը:

Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի Գրաչովի բացառիկ ջանքերը և նշանակալի մասնակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն աջակցելու գործում: Նա կանգնած է եղել մեր եղբայրական երկրների միջև դաշնակցային գործընկերության կայացման ու զարգացման հիմքերում:

Հետևողական և արդյունավետ գործունեության, ինչպես նաև իր մարդկային բարձր որակների շնորհիվ, Պավել Գրաչովը հայ ժողովրդի հիշողության մեջ միշտ կմնա որպես հավատարիմ բարեկամ և անկեղծ զինակից: Նրա պրոֆեսիոնալ ոգին, հավատարմությունը երդմանն ու պարտքին, խիզախությունն ու անվեհերությունը վառ օրինակ են երիտասարդ սերունդների համար:

Հարգելի Լյուբով Ալեքսեյի,
Ընդունեք անկեղծ ցավակցություններս, մաղթում եմ տոկունություն և համբերություն Ձեր ընտանիքի համար այս ծանր օրերին»:

Մեկնաբանել