ԱՄՆ-ի ադրբեջանցիների և թուրքերի հակահայկական քարոզչությունը` ընդդեմ Hyatt Hotels-ի հայազգի տնօրենի

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել ԱՄՆ-ի ադրբեջանա-թուրքական կազմակերպությունների հակահայկական քարոզչության մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով Hyatt Hotels ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:

Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA), Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC), Թուրք-ամերիկյան ասոցիացիաների դաշնության (FTAA) և Ամերիկայի ադրբեջանական ընկերության (ASA) ղեկավարները Hyatt-ի տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Փրիցկերին ուղղված իրենց նամակում Հոփլամազյանին մեղադրել են «էթնիկ քարոզչական արշավներում» ներգրավված լինելու մեջ:

Ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվել են Հոփլամազյանի վրա` «Հայ-ամերիկյան լոբբիստական խմբի` Ամերիկայի հայկական համագումարի սեպտեմբերի 22-ի կազմակերպած հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ որպես Hyatt-ի տնօրեն ելույթ ունենալու համար»: Նրանք նաև իրենց դժգոհությունն են հայտնել, որ «Հոփլամազյանը ծառայում է «Դիմագրավել պատմությունը և ինքներս մեզ» շահույթ չհետապնդող խմբի Խորհրդատվական մարմնում, որը «ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին»»:

Թուրքական չորս կազմակերպությունները պնդել են, որ «Պարոն Հոփլամազյանի ներգրավվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ թշնամություն տարածող էթնիկ հատուկ շահերի խմբերում, կարող է ոտնահարել Hyatt-ի Բիզնես վարքագծի և էթիկայի կանոնակարգի «Շահերի բախում կետը»»: Այնուամենայնիվ, հյուրանոցի կայքում տեղադրված Կանոնակարգի ուսումնասիրությունից պարզ երևում է, որ այն չի պարունակում ոչ մի նշում՝ Hyatt-ի ղեկավարի կողմից Կանոնակարգի դրույթներից որևէ մեկը խախտելու վերաբերյալ:

Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց նամակում մի շարք չարանենգ հայտարարություններ են արել` Հայոց ցեղասպանությունը բնութագրելով որպես «անհիմն պնդում» և «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ներհամայնքային վայրագություններ»: Նրանք կեղծորեն պնդել են, որ այդ «վայրագությունները» երբեք որևէ դատարանում չեն վիճարկվել և հայերի տեղահանության ոչ մի մտադրություն չի հաստատվել: Ոչ մի պատիժ կամ դատավճիռ չի կայացվել ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին 1948թ. կոնվենցիայի դրույթների»:

Թուրքական կազմակերպությունների ղեկավարները նման անհեթեթ պնդումներ անելով, պարզապես, իրենց տգիտությունն են բացահայտել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ: Նրանց ձեռնտու է մոռանալ 1919թ. թուրքական ռազմական դատարանների մասին, որոնք մահվան էին դատապարտել Հայոց ցեղասպանության թուրք պարագլուխներին: Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի և Արգենտինայի դաշնային դատարանները ևս վերահաստատել են Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Բացի այդ` ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը 1985թ. իր ընդունած զեկույցում Հայոց ցեղասպանությունը որակել է որպես ցեղասպանության օրինակ:

Միաժամանակ, ադրբեջանական և թուրքական խմբերը հավաստիացրել են, որ իրենք ներկայացնում են «ավելի քան կես միլիոն թուրքական ծագում ունեցող ամերիկացիներին»: Սա իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ ըստ ԱՄՆ վերջին մարդահամարի՝ Միացյալ Նահանգներում այդքան շատ թուրք բնակչություն չկա: Եթե անգամ թուրքական ծագում ունեցող ամերիկացիների թիվը հասնում է կես միլիոնի, ապա խիստ կասկածելի է, որ նրանք բոլորն էլ իրենց համաձայնությունը տվել են այդ կազմակերպությունների կողմից նման անհեթեթ արկածախնդրությունների մեջ մխրճվելու համար: Ամենայն հավանականությամբ, այս չորս խմբերի անդամների ընդհանուր թիվը կազմում է ներկայացված թվերի միայն չնչին մասը:

Ակնհայտ է, որ այս թուրքական խմբերն իրենց կեղծ հայտարարություններով և անմիտ մեղադրանքներով նպատակ ունեն վախեցնել Հոփլամազյանին և ստիպել նրան հեռու մնալ հայկական կամ ցեղասպանությանն առնչվող հարցերից: Առավել մտահոգիչ է, որ թիրախ դարձնելով Hyatt-ի գլխավոր տնօրենին, ադրբեջանական և թուրքական խմբերը հույս ունեն նման գործունեություն ծավալելուց ետ կանգնեցնել ամերիկահայ մյուս գործարարներին:

Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց համատեղ նամակում անուղղակիորեն սպառնացել են Hyatt-ի կորպորատիվ շահերին՝ նշելով, որ ընկերությունը «ներկայումս ղեկավարում է ընդհանուր թվով չորս հաջողված հյուրանոցներ Ստամբուլում (Թուրքիա) և Բաքվում (Ադրբեջան)»: Հետաքրքիր է, արդյոք Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները լիազորե՞լ են այս ողորմելի խմբերին՝ խոսել իրենց անունից: Ընդ որում, այս կազմակերպությունները գիտակցո՞ւմ են, որ նրանք ականահարում են իրենց հարազատ երկրների բիզնես շահերը՝ հիմարաբար սպառնալով այնպիսի համաշխարհային ընկերության, ինչպիսին Hyatt-ն է:

Շատ ցավալի կլինի, եթե ադրբեջանական և թուրքական անխոհեմ արշավն ընդդեմ նշանավոր ամերիկահայ գործարարների սկիզբ դնի անցանկալի իրադարձությունների այնպիսի մի շղթայի, որը կհանգեցնի հայ համայնքի պատասխան քայլերի ընդդեմ հաջողակ թուրք գործարարների, ինչպիսին, օրինակ, «Կոկա կոլա» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Մուհտար Քենթն է:

Խիստ անհավանական է, որ ադրբեջանա-թուրքական նամակը որևէ շոշափելի օգուտ բերի այս խմբերին, քանի որ Hyatt-ի տնօրենների խորհուրդը, հավանաբար, կանտեսի նրանց անհիմն մեղադրանքները: Ավելի կարևորն այն է, որ տիպար ամերիկահայ գործարարի նկարագրի վրա նման ռասիստական հարձակումը, Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, հայերին կդրդի ավելի վճռականորեն հետամուտ լինել իրենց արդարացի պահանջներին՝ թե´ Թուրքիայից, և թե´ Ադրբեջանից:

Վերջապես, խիստ վիրավորական է, որ ադրբեջանական և թուրքական այդ խմբավորումները քար լռություն էին պահպանել, երբ ադրբեջանցի սպան Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հային, իսկ հիմա աղմուկ են բարձրացրել, երբ ամերիկահայ մի գործարար, պարզապես օգտագործում է խոսքի ազատության իր իրավունքը Բևերլի Հիլզում:

Մեկնաբանել