Հայկական կողմը հերքում է սահմանին զորք կենտրոնացնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին զենք և անձնակազմ կենտրոնացնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Արցախի պաշտպանության բանակը ևս նշում է, որ Ադրբեջանական տարածած տեղեկությունները կեղծ են․ «Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե իբր «Սահմանի երկայնքով մեծ քանակությամբ սպառազինություն, զինտեխնիկա և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կուտակում է նկատվում»։ Ադրբեջանական կողմի հայտարարությունում նշվում էր, որ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Մեկնաբանել