Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից կտրուկ ավելացել է

Լուսանկարում՝ Վերին Լարսի անցակետը։

Հայաստանի արտաքին առևտուրը 2023թ. հունվար-սեպտեմբերին աճել է շուրջ 46%-ով՝ կազմելով 13,6 մլրդ դոլար: Այդ ընթացքում արտահանումն աճել է 45%-ով՝ հասնելով 5,1 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 46%-ով՝ կազմելով 8,4 մլրդ դրամ: Այդ մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեից:

Համաձայն կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որն անցած ինն ամիսներին է՛լ ավելի է ամրապնդել իր դիրքերը Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում:

Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 35%-ը, որը գումարային արտահայտմամբ կազմում է 4,7 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանման ծավալների առումով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից կտրուկ ավելացել է: Հայաստանից Ռուսաստան արտահանումն անցած ինն ամիսներին աճել է 85%-ով և հասել 2,6 մլրդ դոլարի, որն արտահանման ամբողջ ծավալի 51%-ն է, այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1,4 մլրդ դոլարի ապրանք՝ ընդհանուր արտահանման ծավալում կազմելով 40%:

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ առևտրային գործընկերը Եվրամիությունն է, որը, սակայն, ավելի քան երկու անգամ զիջում է Ռուսաստանին: ԵՄ-ի հետ առևտուրն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 16%-ով՝ կազմելով 2 մլրդ դոլար, որը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 15%-ն է:

Հատկանշական է, որ Հայաստանից Եվրամիուություն արտահանումն այդ ընթացքում կրճատվել է 5,1%-ով՝ կազմելով 575 մլն դոլար, սակայն ներմուծումն աճել 53%-ով` հասնելով 1,5 մլրդ դոլարի:

Ըստ այդմ, տնտեսագետներն ուշադրություն են հրավիրում ԵՄ-ից Հայաստան ներմուծման և Հայաստանից Ռուսաստան արտահանման գրեթե զուգահեռ սրընթաց աճին՝ դիտարկելով այն որպես վերաարտահանման առկայության անուղղակի ապացույց: Այլ կերպ ասած՝ եվրոպական ապրանքները՝ այդ թվում Հայաստանի տարածքով, հայտնվում են ռուսական շուկայում` շրջանցելով ուկրաինական պատերազմով պայմանավորված միջազգային սահմանափակումները:

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանը հատկապես ակտիվ առևտուր է իրականացրել ԵՄ մի քանի երկրների հետ: Առաջին հորիզոնականում Գերմանիան է, որի հետ առևտրաշարջանառությունը մոտեցել է 500 մլն դոլարի (աճը` 50%), երկրորդ տեղում Իտալիան է՝ 316 մլն դոլար ցուցանիշով (աճը` 34%), երրորդը Նիդերլանդներն են, որի հետ առևտուրը հասել է 267 մլն դոլարի` աճելով 34%-ով:

Չորրորդ և հինգերորդ տեղերում համապատասխանաբար Լեհաստանն ու Ֆրանսիան են, որոնց հետ Հայաստանի առևտուրը կազմել է 133 մլն և 117 մլն դոլար: Ընդ որում, Լեհաստանի հետ առևտուրն աճել է 209%-ով, իսկ Ֆրանսիայի պարագայում, որի հետ վերջին շրջանում կտրուկ ակտիվացել են Հայաստանի ռազմաքաղաքական կապերը, առևտրաշրջանառությունն աճել է 50%-ով:

Անցած ինն ամսիներին Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների կառուցվածքում առաջին տեղում թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և թանկարժեք մետաղներն են, որոնց ծավալներն աճել են 85%-ով` կազմելով 1,1 մլրդ դոլար: Երկրորդ տեղում մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են: Այս կատեգորիայի ապրանքների ծավալներն աճել են 2,2 անգամ՝ կազմելով 900 մլն դոլար: Պատրաստի սննդի արտահանումն աճել է 4%-ով՝ հասնելով 634 մլն դոլարի, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 12,7%-ով` հասնելով 685 մլն դոլարի:

Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը Հայաստանից աճել է 4,1 անգամ՝ կազմելով 486 մլն դոլար: Այդ ընթացքում Հայաստանից ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը հասել է 446 մլն դոլարի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 30%-ով:

Մեկնաբանել