Ազատ մամուլն արմատախիլ անելու Ալիևի փորձը չի կարող հաջողել․ OC Media

Ուլվի Հասանլին 2022-ի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ Լուսանկարը՝ Ազիզ Քարիմովի/Reuters։

Ոստիկանության ստուգայցերի, ձերբակալությունների և բռնաճնշումների նախորդ փուլերից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին քայլեր է ձեռնարկում, որպեսզի արմատախիլ անի երկրի ազատ մամուլի վերջին մնացորդները: Սակայն չնայած նրա թվացյալ ուժին, AbzasMedia-ի նման լրատվամիջոցների գոյությունը, որն այժմ կառավարության նշանառության տակ է, ապացուցում են, որ նա չի կարող հաջողության հասնել:

Երկուշաբթի ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է AbzasMedia-ի գրասենյակներ և խուզարկություն արել, ապա օդանավակայան գնալու ճանապարհին ձերբակալել դրա տնօրեն Ուլվի Հասանլիին: Հաջորդ օրը AbzasMedia-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագըֆգիզին ինքնաթիռով վերադարձել է Բաքու՝ քաջ գիտակցելով, որ իրեն նույն ճակատագիրն է սպասվում։

Երկուշաբթի ձերբակալվել է նաև կազմակերպության փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, որի ընտանիքի անդամները և փաստաբանը երեք օր չեն կարողացել կապ հաստատել նրա հետ: Դա առիթ է տվել ենթադրելու, որ նրան ճնշումների կամ նույնիսկ խոշտանգումների են ենթարկել, որպեսզի իր գործընկերների դեմ տրամադրեն: Երբ նա կրկին հայտնվել է կալանքի տակ, արդեն հրաժարվել է իր փաստաբանի ծառայություններից՝ փոխարենը նախընտրելով դատարանի տրամադրած փաստաբանին։

Իշխանությունները AbzasMedia-ի ղեկավարությանը մեղադրում են փողերի մաքսանենգության մեջ՝ պնդելով, որ լրատվամիջոցի գրասենյակներում 40,000 եվրո կանխիկ գումար են հայտնաբերել: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց երկարաժամկետ ազատազրկում է սպառնում:

Այս մեղադրանքները գրեթե անկասկած կեղծ են: Իրականում, դրանք նույն մեղադրանքներն են, որոնք ներկայացվել էին հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի դեմ 2017-ին Թբիլիսիից նրան առևանգելուց հետո։

Abzas-ը վերջին մեդիա կազմակերպություններից է, որը բավական համարձակ է շարունակելու համար իր գործունեությունն Ադրբեջանում։ Անկախ լրատվական կազմակերպությունների մեծ մասը վաղուց ստիպված է գործել Ադրբեջանի տարածքից դուրս: Որպես OC Media-ի գործընկերներից մեկը Ադրբեջանում՝ մենք առաջին ձեռքից ենք նկատել նրանց հավատարմությունը նույն արժեքներին և լրագրողական չափանիշներին, որոնց ինքներս ենք հավատարիմ։

Պարզ է, թե ինչու է AbzasMedia-ն հայտնվել կառավարության թիրախում: Իրենց հետաքննություններով նրանք անօրինականություններ են բացահայտել իշխանության բոլոր շերտերում։ Սա մի իրավիճակ է, որը չէր կարող դուր գալ Իլհամ Ալիևին։ Դա իսկապես այդպես է, տասը տարի առաջ Ալիևը նման որոշում կայացրեց պատժելու համար լրագրողներին, որոնք բացահայտում էին իր և իր ընտանիքի ապօրինի բիզնեսները՝ նրանց պիտակավորելով որպես «օտարերկրյա ֆինանսավորվող» և քայլեր ձեռնարկելով դրանք փակելու ուղղությամբ։

Նոյեմբերի 20-ից ի վեր միջազգային մի շարք կազմակերպություններ կառավարությանը կոչ են արել վերացնել AbzasMedia-ի դեմ մեղադրանքները և ազատ արձակել նրա աշխատակիցներին: OC Media-ն միանում է այդ կոչերին։

Ամոթալի է, որ արևմտյան երկրների կառավարությունների մեծ մասը դեռևս համարձակություն չի գտել նույնիսկ նույնաբովանդակ հայտարարություններ անելու համար:

Առայժմ միայն ԱՄՆ Պետդեպարտամենտն է արտահայտել իր «խորը մտահոգությունը» AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիի ձերբակալության կապակցությամբ, և դա արել է ի պատասխան Turan-ի՝ ադրբեջանական անկախ լրատվական գործակալության հարցի։

Մյուսները, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի կառավարության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոչերտին, շարունակել են շողոքորթել Ադրբեջանի նախագահին։ Չորեքշաբթի հանդիպելով Ալիևի հետ, երբ AbzasMedia-ի անձնակազմը ստիպված էր տառապել բանտային տհաճ պայմաններում, Դոչերտին հասկացրեց, թե որքան «հիանալի» է «վերադառնալ Բաքու»՝ ավելացնելով, թե ինչպիսի «արտոնություն» է նախագահ Ալիևի հետ «տարածաշրջանային անվտանգությունը քննարկելը»:

Կարևոր է, որ արևմտյան կառավարությունները գործեն իրենց դավանած արժեքների հիման վրա, որպեսզի տպավորություն չթողնեն, որ այդ արժեքները կիրառում են ընտրողաբար կամ զուտ որպես իրենց նպատակներին հասնելու միջոց։

Ադրբեջանի լրագրողները չեն ընկրկում

Ազատ խոսքի և մամուլի ազատության ճնշումը ամենևին էլ նորություն չէ Ադրբեջանում։

2003-ին ընտրվելուց ի վեր Իլհամ Ալիևը Ադրբեջանը կառավարում է ավտորիտարիզմի աճող տեմպերով:

2013-2015 թվականներին բռնաճնշումների ալիքի ժամանակ ազատ մամուլը գրեթե ամբողջությամբ վերացավ երկրից: Այս ընթացքում փակվել են «Ազատություն» ռադիոկայանի, MeydanTV-ի, «Ամերիկայի ձայն»-ի և Ադրբեջանում գործող մի շարք այլ տեղական և միջազգային լրատվամիջոցների գրասենյակները՝ սահմանափակելով դրանց լրագրողների գործունեությունը։ Տարբեր մեղադրանքներով ձերբակալվել է շուրջ 100 լրագրող, ակտիվիստ և հասարակական կազմակերպությունների աշխատակից։ Այժմ՝ լրագրողների նկատմամբ պարբերական և համակարգված բռնաճնշումերի վերջին ալիքից 10 տարի անց, լրատվամիջոցներին խեղդելու գործընթացը կրկին սկսվում է՝ հիմա արդեն՝ AbzasMedia-ի միջոցով։

Եթե երկրում լրագրողներն են իրենց մասնագիտական գործունեության պատճառով բախվում իրենց կյանքին ու ապրուստի միջոցին սպառնացող նման վտանգների, ապա դժվար չէ պատկերացնել շարքային քաղաքացիների վիճակը։ Քանզի երկրում համակարգը կառուցված է վախի և սպառնալիքների վրա, սեփական իրավունքների պաշտպանությունը պահանջելը կամ իշխանության մասին ճշմարտությունն ասելը, անկասկած, կարող է հանգեցնել ձերբակալության կամ նույնիսկ խոշտանգումների:

Նախորդ տարիներին կառավարության կոշտ վերաբերմունքը լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիրների, իսկ այժմ արդեն AbzasMedia-ի նկատմամբ, ցույց է տալիս, որ ոչ ոք ապահով չէ, և հաջորդը կարող են լինել հենց մեր լրագրողները:

Այս անհանգստությունը՝ հարցը, թե «ո՞վ է հաջորդը», կրկին սկսում է գերիշխել նրանց խոսույթում, ովքեր չեն հետևում Ադրբեջանի կառավարության ուղեգծին:

Եվ այնուամենայնիվ, 2013-ց ի վեր Ադրբեջանում անկախ լրատվամիջոցները շարունակում են լույս սփռել ճշմարտության վրա՝ անկախ նրանից, թե ինչ գին են վճարում դրա համար: Եվ նրանք, ովքեր հույս ունեն Ադրբեջանում ավելի արդար և ժողովրդավարական հասարակություն ստեղծել, չեն կաշկանդվում նույնիսկ այն դեպքում, երբ միայնակ են դուրս գալիս պետության դեմ, որը մտադիր է լռեցնել ու ճնշել իրենց։

AbzasMedia-ն հիմնադրվել է 2016-ին՝ ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների նախորդ փուլից շատ չանցած: Միայն դրա գոյության փաստը վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիևը, որքան էլ փորձի, չի կարող ոչնչացնել մամուլը։

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ձերբակալություններից հետո AbzasMedia-ն անհնազանդության հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մենք կարծում ենք, որ հրաման տալով ձերբակալել AbzasMedia-ի ղեկավարությանը, նախագահ Ալիևը նպատակ ունի փակել այս լրատվամիջոցը և թույլ չտալ, որ կոռուպցիայի մասին տեղեկատվությունը հասնի ձեզ։ Սակայն AbzasMedia-ում մեզ համար ոչ մի ձերբակալություն կամ ճնշումների որևէ այլ ձև չի կարող մեզ խանգարել, որպեսզի ճիշտ լուրեր հաղորդենք ձեզ:

Դուք արժանի եք ճշգրիտ տեղեկատվության և իրավունք ունեք իմանալու, թե ում կողմից և ինչպես են ծախսվում ձեր հարկերը։ Մեր կալանավորումը չի կարող խանգարել տեղեկատվություն ստանալու ձեր ազատությանը: Մենք կշարունակենք մեր հետաքննությունը»։

Այժմ Ադրբեջանի անկախ լրագրողների պաշարված համայնքը մոբիլիզացվում է կուլիսների ետևում՝ փրկելու AbzasMedia-ն և ապահովելու նրանց աշխատանքը, նրանց զոհողությունն իզուր չէ: Նրանք արժանի են մեր աջակցությանը։

Մեկնաբանել