Ռուսաստան, Էմիրություններ, Չինաստան. Հայաստանի արտաքին առևտրի անոմալիան

2023-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022-ի համեմատ աճել է 46%-ով` հասնելով մոտ 20 մլրդ դոլարի: Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը` 7,3 մլրդ դոլար ցուցանիշով։ 2022-ի համեմատ աճը եղել է 43%: Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում կազմել է 35%, որը համաձայն փորձագետների գնահատականի, մեծամասամբ պայմանավորված է դեպի Ռուսաստան վերաարտահանման գործոնով:

Հայաստանից արտահանումը 2023-ին աճել է 56%-ով՝ գերազանցելով 8,4 մլրդ դոլարը։ ՀՀ-ից արտահանվող ապրանքների հիմնական շուկան մնում է Ռուսաստանը․ արտահանումն այդ երկիր հասել է 3,4 մլրդ դոլարի (աճը` 39%)։ Երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 2,2 մլրդ դոլար (աճը` 4,2 անգամ), երրորդում՝ Չինաստանը՝ 425 մլն դոլար (աճը` 15%)։

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամիսներ առաջ նշել էր հատկապես Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքում վերաարտահանման կենտրոնական դերը: Ճիշտ է՝ նախարարի ներկայացրած տվյալները վերաբերում են 2023-ի առաջին կիսամյակին, բայց դրանք ակներև են դարձնում ընդհանուր դինամիկան:

Նախարարի խոսքով՝ թեև 2023-ի առաջին կիսամյակում արտահանումը Ռուսաստան աճել է 215%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն, այս աճի 187%-ը կազմել է վերաարտահանումը, իսկ հայկական ապրանքների արտահանումը՝ ընդամենը 28%-ը:

Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը Արաբական Միացյալ Էմիրություններն են, որն իր հետևում է թողել ավանդական այնպիսի գործընկերների, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը և Գերմանիան: Մեկ տարում ԱՄԷ-ի հետ առևտուրն աճել է գրեթե չորս անգամ՝ կազմելով մոտ 2,3 մլրդ դոլար կամ 11,1% արտաքին առևտրի կառուցվածքում:

ԱՄԷ-ի դեպքում ևս, ուր Հայաստանը հիմնականում ադամանդ է արտահանում, էական դեր է խաղում հիմնականում Ռուսաստանից վերաարտահանումը:

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2023-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է մոտ 3,7 մլն կարատ ադամանդ, ընդհանուր արժեքը կազմել է 487 մլն դոլար։ Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տասը տարվա համար: Ուշագրավ է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում մշակվել է ընդամենը 141 000 կարատ ադամանդ: Ուստի արտահանվող ադամանդի գերակշիռ մասը, ինչպես եզրակացնում է «Հետքը», պարզապես վերաարտահանվել է։

Երրորդ տեղում Չինաստանն է, որի հետ Հայաստանի առևտուրը թեպետ աճել է 21%-ով` կազմելով 2,1 մլրդ դոլար, սակայն առևտրաշարջանառության մեջ տեսակարար կշիռը նվազել է 2%-ով` հասնելով 10,3%-ի:

Հարևան Իրանը Հայաստանի չորրորդ գործընկերն է՝ 692 մլն դոլար ցուցանիշով: Իրանի պարագայում 2023-ին 2022-ի համեմատ գրանցվել է անգամ առևտրի ծավալների 3,5% կրճատում:

Եվրամիության անդամ երկրներից Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը Գերմանիան է, որի հետ առևտուրը 2023-ին կազմել է 637 մլն դոլար` 2022-ի համեմատ աճելով 20,3%-ով: ԵՄ երկրներից կտրուկ` ավելի քան 58%-ով աճել է նաև Լեհաստանի հետ` կազմելով 157 մլն դոլար:

ԱՊՀ երկրներից առևտրի զգալի աճ է գրանցվել Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սակայն ընդհանուր ծավալները դեռևս մեծ չեն: Ղազախստանի հետ Հայաստանի առևտուրը նախորդ տարում աճել է 2,4 անգամ` կազմելով ավելի քան 100 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ` 4,2 անգամ` հասնելով շուրջ 28 մլն դոլարի: Ընդ որում, կրկին Հայաստանից արտահանման շնորհիվ: Անցյալ տարի Հայաստանը 3,8 անգամ ավելացրել է իր արտահանումը Ղազախստան` հասցնելով այն 71 մլն դոլարի, իսկ Ղրղզստան` 4,8 անգամ, որը համարժեք է 27,3 մլն դոլարի: