Փաշինյան – Պուտին հաղորդակցության քրոնիկոնը

նիկոլ փաշինյան

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

2018-ի հեղափոխությունից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ ասել էր․ «Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են»‎:

Հատկապես վերջին երկու տարում, սակայն, Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունների վայրիվերումներն առավել տեսանելի են դարձել։ Քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցազրույցներում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները և այլն։

Օրեր առաջ գործադիրը ներկայացրեց Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որտեղ նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անցած տարվա ընթացքում տեղի է ունեցել երկկողմ երկու հանդիպում և ինը հեռախոսազրույց։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Փաշինյան – Պուտին հաղորդակցության քրոնիկոնը՝ փորձելով հասկանալ վերջին տարիներին հեռախոսազրույցների և հանդիպումների դինամիկան։

2018-ի մայիսին վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան առաջին այցը կատարեց Ռուսաստան՝ Սոչի, որտեղ մայիսի 13-ին կայացավ Փաշինյանի և Պուտինի առաջին հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները քննարկման ենթակա չեն:

Փաշինյան - Պուտին հաղորդակցության քրոնիկոնը

2018-2019-ը Փաշինյան – Պուտին հանդիպումների և հեռախոսազրույցների հիմնական թեման հայ-ռուսական հարաբերությունները, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերն են եղել։

2020-ին Վլադիմիր Պուտինը հրավիրել էր Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Ռուսաստանում։ Փաշինյանը, սակայն, պաշտոնական նամակ էր գրել Պուտինին՝ նշելով, որ երկրում տիրող կորոնավիրուսային վարակի իրավիճակով պայմանավորված, չի կարող մասնակցել արարողությանը։

2020-ին՝ 44-օրյա պատերազմով պայմանավորված, բնականաբար, կրկնապատկվել են Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցները: Սակայն մինչև պատերազմը՝ սեպտեմբերը, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներն այնքան էլ ակտիվ չեն եղել։ Ավելին, տեղի չի ունեցել մայիսի 9-ի ավանդական հեռախոսազրույցը, որի ժամանակ Հայաստանի ղեկավարներն ամեն տարի շնորհավորում էին ՌԴ նախագահին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ։ 2020-ը միակ տարին է եղել, որ Նիկոլ Փաշինյանը որևէ հանդիպում չի ունեցել Ռուսաստանի ղեկավարի հետ։

2021-ին և 2022-ին՝ պատերազմից հետո, ավելացել են ՌԴ նախագահի հետ ինչպես հեռախոսազրույցները, այնպես էլ հանդիպումները։ ՌԴ ղեկավարին հանդիպելուց բացի՝ պատերազմին հաջորդող տարիներին եղել են Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումներ։

2021-ին և 2022-ին հեռախոսազրույցների ժամանակ հիմնականում քննարկվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի պահպանումը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

2023-ին նվազել են և՛ հանդիպումները, և՛ հեռախոսազրույցները։ Հեռախոսազրույցները հիմնականում վերաբերել են Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին։ Նշված տարում տեղի է ունեցել ընդամենը երեք հանդիպում, որոնցից մեկը՝ եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։

Իսկ սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո մինչև 2023-ի տարեվերջ Փաշինյանը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Հեռախոսազրույցը եղել է հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, և Փաշինյանը շնորհավորել է նրան։Այսպիսով, Փաշինյան-Պուտին հեռախոսազանգերի և հանդիպումների քանակը մեծացել էր հատկապես պատերազմին հաջորդող տարիներին՝ 2021-ինև 2022-ին, սակայն 2023-ին հեռախոսազրույցները քչացել են, իսկ հանդիպումները նախորդ տարիների համեմատ՝ զգալիորեն նվազել։

Մեկնաբանել