Ալեն Սիմոնյանը չի բացառում «պայմանավորված էսկալացիան»

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կայացված որոշում չկա, բայց չի բացառում նման որոշում կայացնելու հավանականությունը։ Նա հնարավոր է համարում, որ Հայաստանի դեմ «պայմանավորված էսկալացիա» լինի։

«Մեր հանրությունն էլ դրա մասին խոսում է, մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում»,- փետրվարի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ եթե որոշումը կայացված չէ, ՀԱՊԿ-ին անդամակցությունը դե յուրե սառեցնելու հայտարարությունը չի կարող խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, Սիմոնյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ արդեն ինչ խնդիր պետք է ստեղծվի՝ հարձակվի՞ մեր վրա, պատժամիջոցնե՞ր կիրառի, արդեն ի՞նչ պետք է անի։ Մենք պաշտպանության կարիք ունեինք, թե ԼՂ-ի մասին եմ ասում, թե ՀՀ ինքնիշխան տարածքի, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում։ Չեն էլ ասում, որ չեն օգնում, ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք: Բայց մեր երկիրը, մեր մարդիկ անսահման չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի մեր երեխաների, մեր տղաների հաշվին, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը երբ է օգնելու։ Հետո ասում են՝ դուք այս ինչը չարեցիք, դրա համար չենք օգնում։ Իսկ ո՞ւր են իրենց շահերը, դաշնակցային պարտավորությունները։ Դաշնակցային պարտավորությունները որևէ մեկնաբանությամբ իրենց վրայից գցելով չէ»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ գոյություն ունեցող անվտանգային համակարգը չի գործում. «Արցախը տեսանք՝ ինչ եղավ, Խծաբերդը տեսանք՝ ինչ եղավ, Սև լիճը, Ջերմուկը, գերիները, Լաչինը տեսանք՝ ինչ եղավ։ Քանի՞ այսպիսի օրինակ բերեմ»։

Սիմոնյանը կարծում է, որ անվտանգային այլընտրանքը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է. «Մենք հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար։ Եթե դա ինչ-որ անվտանգային համակարգի խանգարում է, դա իրենց խնդիրն է։ Ակնհայտ է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում։ Մենք շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավելագույն անվտանգություն կապահովի։ Այսօր ժողովրդավար երկիր լինելը, կարելի է ասել, մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»։

ԱԺ նախագահը նշում է, որ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ և չի կարող դիմակայել այդ տանդեմին առանց դաշնակցի․ «Մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է։ Իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»։

Ըստ Սիմոնյանի՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով․ «Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է։ Օրինակ, Ադրբեջանը հիմա ռուսական գազը վաճառում է Եվրոպային, դա փաստ է, իմ հնարածը չէ»։

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ 44-օրյա պատերազմից առաջ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան պայմանավորվածություն է գոյություն ունեցել․ «Երբ որ փաստերը համադրում ես, ամբողջը փոխկապակցված էր։ Այդ ամբողջ պլանի մեջ «ներս մտավ» հայ ժողովուրդը, որը 2021-ին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք Միութենական պետությանը»։

Խորհրդարանի ղեկավարը հնարավոր է համարում, որ այժմ էլ պայմանավորված էսկալացիա լինի․ «Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»։

Հարցին՝ Հայաստանին պաշտոնապես Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանն անդամագրվելու առաջարկ եղել է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ո՛չ, այդպես չեն անում։ Այնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի նոր իշխանությունն ասի՝ դե նախկիններն են մեղավոր, այսինքն՝ այս պարագայում մենք, և այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ»։

Մեկնաբանել