ՌԴ դեսպանությունը սահմանամերձ շրջաններ այցելելու նոր զգուշացում չի արել

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Համացանցում պարբերաբար հայտնվում են լուրեր՝ տարբեր երկրների դեսպանատների՝ Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններ այցելելու զգուշացումների և սահմանափակումների վերաբերյալ։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը փետրվարի 29-ին նամակ է ուղարկել հայաստանյան լրատվամիջոցներին՝ հայտնելով, թե ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության կայքէջը իբր զգուշացում է հրապարակել՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ չայցելելու վերաբերյալ։

Թովմասյանի ուղարկած գրությունը լրատվամիջոցներին

ՌԴ դեսսպանության այս զգուշացումը, սակայն, հին է։ Այն դեսպանության կայքում տեղադրվել է դեռ 2022թ․ սեպտեմբերի 14-ին՝ Ադրբեջանի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումից հետո։

ՌԴ դեսպանության զգուշացումը հրապարակված 2022-ի սեպտեմբերի 14-ին.

Կայքի արխիվացված տարբերակները փաստում են, որ այն ՌԴ դեսպանության կայքի գլխավոր էջում առկա է եղել 2023-ի ապրիլին, հուլիսին, սեպտեմբերին, 2024-ի փետրվարի 15-ին։ 2022-ի սեպտեմբերից մինչ օրս դեսպանության կայքում զգուշացումը չի թարմացվել և նոր զգուշացումներ չեն հրապարակվել։

Տեղեկությունը տարածել են Aravot.am, Oragir.news, Lurer.com, Hayeli.am, Slaq.am, Past.am և այլ լրատվական կայքեր։

Ուշագրավ է, որ փետրվարի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանն իր հարցում ևս նշել է, թե ՌԴ դեսպանությունը փետրվարի 27-ին նման զգուշացում է հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է հարցին՝ տեղյակ չլինելով, որ զգուշացումը նոր չէ։

Առաջին անգամ չէ, որ պատգամավոր Թովմասյանը շահարկում է դեսպանությունների զգուշացումները

Լրատվամիջոցներին ուղարկած հաղորդագրությունում Թագուհի Թովմասյանը նաև հիշեցրել է, թե ԱՄՆ դեսպանատունը փետրվարի 2-ին «ևս զգուշացրել էր իր քաղաքացիներին վերոնշյալ մարզեր գնալու վտանգի մասին», ինչի մասին պատգամավորը ևս «ահազանգել էր»։

Թովմասյանի այս պնդմանը փետրվարի 2-ին անդրադարձել էին «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները և պարզել, որ ԱՄՆ դեսպանատան ԱՄՆ քաղաքացիների համար տարածած անվտանգության զգուշացումն իրականում նախորդ զգուշացման թարմացումն էր և դրանում մեղմացվել էին ուղևորությունների սահմանափակումները։

Այսպիսով, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի տարածած լուրը, թե ՌԴ դեսպանությունը զգուշացում է հրապարակել՝ չայցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ, սխալ է։

Մեկնաբանել