ՀՀ վերնախավում առկա տրամադրությունները մտահոգիչ են, նշում է ՀԱՊԿ քարտուղարը

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին մարտի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, բայց Կազմակերպությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունվող որոշումների մասին։

«Մենք վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ ՀՀ վերնախավում որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են։ Բայց հույս ունենք՝ ՀՀ իշխանությունը կդրսևորի քաղաքական սթափություն կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների հետ կապված։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել