Amnesty International-ն ահազանգում է Թուրքիայում հայերի սպանությունների համար

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հատուկ հայտարարություն է տարածել դեկտեմբերի 28-ին Ստամբուլի հայկական թաղամասում էթնիկական հողի վրա արձանագրված դաժան սպանության վերաբերյալ:

Թուրքիայի հայ համայնքի ուշադրությունը վերջին օրերին սևեռվել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում տեղի ունեցած սպանությունների վրա: Դեկտեմբերի 28-ին 85-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանաբար սպանվել էր Սամաթիայի իր տանը, որտեղ ապրում էր միայնակ: Սա թաղամասում հայերի վրա հարձակումների առաջին դեպքը չէ: Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթը, դեմտեմբերի սկզբին սպանվել էր 87-ամյա մեկ այլ հայ կին:

Այս սպանություններն անհանգստություն են առաջացրել Թուրքիայում ապրող հայության շրջանում: Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը հայտարարել է, որ իրենք պահանջում են բացահայտել սպանությունը: Քոփթաշը հայտնել է, որ սպանված կնոջ մարմնի վրա խաչի նշան է արվել, սակայն այս փաստի կապակցությամբ ոստիկանությունը որևէ հայտարարություն չի արել: Քոփթաշը նաև հարց է բարձրացրել, որ եթե սպանությունը իրականացվել է գողության նպատակով, ապա ինչու է կինն այդքան դաժանաբար խոշտանգվել, և մարմնի վրա էլ խաչի հետք թողնվել: Քոփթաշը հիշեցրել է, որ անցած տարի, երբ տաքսու թուրք վարորդը, իմանալով ուղևորի հայ լինելը, նրան «գյավուր» էր անվանել և վնասավածքներ հասցրել, թուրքական ոստիկանությունը հայտարարել էր, թե վարորդը անմիջապես կձերբակալվի: «Մինչև այժմ նման բան տեղի չի ունեցել»,- ասել է «Ակոսի» գլխավոր խմբագիրը:

Amnesty International կոչ է արել Թուրքիայի իշխանություններին շարունակել այս հանցագործությունների հետաքննությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Միջազգային կազմակերպության համոզմամբ, Թուրքիայի իշխանությունները պետք է ավելին անեն, որպեսզի արմատախիլ լինի անհանդուրժողականությունն ու ռազմատենչ ազգայնականության մշակույթը, որն «առաջ է բերում այս մոլեգին ատելությունը»:

Մեկնաբանել