Պարտքը կրճատելուն զուգահեռ ապահովել աճ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը Project-syndicate.org կայքում հոդված է հրապարակել համաշխարհային տնտեսության մարտահրավերների մասին: «Համաշխարհային տնտեսության ապագան» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Քանի որ աշխարհը թևակոխում է ֆինանսական և տնտեսական շարունակական ճգնաժամով ստվերված մեկ այլ տարի, համաշխարհային տնտեսության ապագան հարկավոր է դիտել ավելի լայն ուրվագծով:

Երկարաժամկետ միտումները հստակ են: Ասիայից մինչև Լատինական Ամերիկա դինամիկ զարգացող տնտեսությունների նշանակությունը մեծանում է: Միացյալ Նահանգները և Ճապոնիան շարունակում են մնալ համաշխարհային տնտեսության շարժիչ ուժերը, սակայն պարտքի և դեֆիցիտի լուրջ մարտահրավերների են առերեսվում: Եվրոպան անցնում է վերակազմավորման և ինտեգրման դժվարին, սակայն պատմական գործընթաց: Մեր աչքի առաջ փոխակերպվում է Մերձավոր Արևելքը: Անդրսահարյան Աֆրիկան կարողանում է կայուն զարգացում ապահովել՝ տասնամյակների լճացումից հետո սահմանելով աճի նոր նշաձող:

Այս փոփոխությունները դրականորեն են ձևավորում մեր ապագան, թեև դեռ լուրջ դժվարություններ կան, որոնք հարկավոր է հաղթահարել: Համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը չափազանց թույլ է: Աշխարհում ավելի քան 200 մլն մարդ գործազուրկ է, աշխատատեղեր ստեղծելու հեռանկարը՝ չափազանց աղոտ: Իսկ հարուստների և աղքատների միջև անջրպետը, որը ճգնաժամն ավելի է խորացնում, չափազանց մեծ է մնում:

Առջևում դժվար ճանապարհ է սպասվում, եթե ցանկանանք լավատեսությունն իրականության վերածել: Ես երեք հիմնական ուղենիշ եմ տեսնում:

Նախևառաջ՝ միանգամայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեկընդմիշտ հաղթահարել այս ճգնաժամը և այն թողնել պատմության գրկում: Եվ մենք գիտենք՝ ինչպես անել դա. ճկուն դրամավարկային քաղաքականություն, զարգացած բոլոր տնտեսություններում հարկաբյուջետային կարգավորումներ, որոնք ներառում են միջնաժամկետ հեռանկարում պարտքը կրճատելու իրատեսական և կոնկրետ ծրագրեր, սակայն չեն թուլացնում աճը կարճաժամկետ հեռանկարում, բանկային սեկտորի մաքրման գործընթացի ավարտում, բարեփոխումներ՝ ուղղված արտադրողականության և աճի ներուժի խթանմանը: Այս ամենին պետք է լրացնի դեպի դինամիկ աճող, այդ թվում՝ զարգացող երկրներ համաշխարհային պահանջարկի վերաբալանսավորումը:

Ամենամեծ խոչընդոտը, թերևս, հսկայական պետական պարտքի ժառանգությունը կլինի, որը բոլոր զարգացած երկրներում միջին հաշվով կազմում է համախառն ներքին արդյունքի 110%-ը, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Սա կառավարություններին չափազանց խոցելի է դարձնում նրանց նկատմամբ վստահության անգամ չնչին աճի առումով: Այն նաև սահմանափակում է նրանց գործողությունները, հատկապես երբ կառավարությունները ձգտում են կառուցել 21-րդ դարի պահանջներին համահունչ ֆիզիկական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքները՝ միևնույն ժամանակ հարգելով սոցիալական ոլորտում իրենց տված խոստումները: Այս խնդիրներին կավելանան աշխարհում ծերացող բնակչության կարիքները:

Պատմությունից երկու հստակ դաս կարելի է քաղել. աներևակայելիորեն դժվար է առանց աճի կրճատել պետական պարտքը և նույնքան դժվար է ավելացնել աճը՝ պետական պարտքի հսկայական բեռը ուսին: Այնպես որ՝ մենք կանգնած ենք երկկողմ հրամայականի առջև՝ պարտքը կրճատելուն զուգահեռ ապահովել աճ: Սրան հասնելու բանալին ոչ միայն որոշումից լուծումների գործին անցնելն է, որի անհրաժեշտությունը մենք գիտակցում ենք, այլև դա միասին և բոլոր ճակատներում անելն է:

Երկրորդ ուղենիշը համաշխարհային ֆինանսական ավելի լավ համակարգն է: Մենք պետք է ձերբազատվենք այն համակարգից, որը մեզ բերեց ճգնաժամը՝ ֆինանսական սեկտոր, որտեղ ոմանք, ինչպես հին հույները կասեին, ամբարտավանության և դրանից բխող անխուսափելի պատժի հետ էին խաղում: Իհարկե, որոշ առաջընթաց եղել է, հատկապես «Բազել III»-ի օրակարգում, որպեսզի կապիտալի և իրացվելիության համար ավելի առաձգական բուֆերներ ստեղծվեն: Սակայն ինչպես համաձայնեցված բարեփոխումների իրագործման, այնպես էլ առաջընթացի հարցում կրքերը թուլանում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ածանցյալ ֆինանսական գործիքները և ստվերային բանկային գործունեությունը:

Արդյունքում համակարգն իր ամբողջության մեջ ավելի ապահով չէ, քան այն 2008թ. սեպտեմբերին էր, երբ փլուզվեց ֆինանսական գլոբալ ծառայություններ մատուցող Lehman Brothers ընկերությունը։ Այն դեռևս չափազանց բարդ է, գործողությունները դեռ շարունակում են կենտրոնացած մնալ մեծ հաստատություններում, և «ձախողվելու վտանգը չափազանց մեծ է» շարունակում մնալ։ Շարունակվող ծայրահեղ և անընդունելի վարքը և կրկնվող սկանդալները ցույց են տալիս, որ ֆինանսների կուլտուրան, իրոք, չի փոխվել։

Ֆինանսական ծառայությունների ինդուստրիայում նոր կարգավորումների ծախսերը շատերին են մտահոգում։ ԱՄՀ վերջին ուսումնասիրություններից մեկը ցույց է տալիս, որ ավելի լավ կարգավորումները, անշուշտ, կբարձրացնեն բանկերի վարկավորման տոկոսադրույքները, սակայն համեմատաբար քիչ։ Մենք նաև պարզել ենք, որ բանկային պահուստների ավելացումը համապատասխան մակարդակի ավելի շուտ նպաստում է տնտեսական աճին, քան վնասում։ Ֆինանսական սեկտորի հարկման բարեփոխումները կօգնեն նվազեցնել չափից ավելի մեծ ռիսկերը և փոխվերահսկման լծակներ ստեղծել։

Ամենակարևորն այն է, որ բարեփոխումների ծախսերը մատչելի են։ Ինքնագոհության ծախսերը՝ ոչ։

Երրորդ ուղենիշը վերաբերում է աճի որակին և ներառականությանը։ Թեև աճը կենսական նշանակություն ունի գլոբալ տնտեսության ապագայի համար, այն պետք է այլ տեսակի աճ լինի՝ ներառական և ոչ թե զուտ չվերահսկվող գլոբալիզացիայի հետևանք։

Այսպիսի վերակողմնորոշման քաղաքական հետևանքները խորն են։ Դրանք պահանջում են հարկաբյուջետային քաղաքականություն, որը շեշտը կդնի ոչ միայն արդյունավետության, այլ նաև հավասարության վրա, մասնավորապես՝ կարգավորման բեռը կիսելու հարցում արդարության, ինչպես նաև թույլերին և խոցելիներին պաշտպանելու վրա։ Դա նշանակում է վարկավորումն ու ֆինանսական ծառայությունները ավելի մատչելի դարձնել ամենուր։ Դա նաև նշանակում է ավելի շատ թափանցիկություն և ավելի լավ կառավարում։

Այս ուղենիշներին հասնելը ենթադրում է գլոբալ ավելի սերտ համագործակցություն։ Աշխարհը, որտեղ երկրները սերտորեն կապված են իրար, պետք է լինի այնպիսին, որ այդ երկրները նաև սերտորեն աշխատեն միմյանց հետ, եթե այդ աշխարհը պետք է միասին բարգավաճի։ Այլ ընտրություն, պարզապես, չկա։ Մենք՝ խաղորդներս, բազմաթիվ ենք, սակայն բոլորս էլ նույն խաղում ենք ընդգրկված՝ խաղ, որը պետք է լինի համագործակցային, ոչ թե զուտ մրցակցային։ Այսպիսի աշխարհում բազմակողմ ինստիտուտները, ինչպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամը, տնտեսական համագործակցության խթանման հարցում կենսական դեր են խաղում։

2013-ը մեզ հնարավորություն է տալիս պատմության գիրկը թողնել տնտեսական ճգնաժամը և աշխարհը տանել դեպի լավը։ Քաղաքական գործիչները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը։ ԱՄՀ–ն նրանց կաջակցի, որպեսզի կառուցեն ավելի արդար և ավելի բարգավաճ ապագա:

Մեկնաբանել