Իրանի նախագահը 1979թ․ ի վեր առաջին անգամ այցելել է Եգիպտոս

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս։ Կահիրեում նրան ընդունել է Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին, հաղորդում է BBC-ն։

Սա իրանցի առաջնորդի առաջին այցն է Եգիպտոս 1979թ․ ի վեր, երբ Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը։

Եգիպտոսի իշխանություններն այդ ժամանակ որոշում ընդունեցին Իսրայելի հետ ստորագրել քեմփդեյվիդյան խաղաղության համաձայնագրերը, և Թեհրանն ի պատասխան խզեց Կահիրեի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Եգիպտոսում Ահմադինեժադը մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովին։

Անցյալ տարվա օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին այցելել էր Թեհրան՝ մասնակցելու Չմիացած երկրների շարժման գագաթաժողովին։ Դա Եգիպտոսի առաջնորդի առաջին այցն էր Իրան վերջին 30 տարվա մեջ։

Մեկնաբանել