Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուհամմադ Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, որը Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը: Հիշեցնելով, որ գալիք տարի երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր թափ է հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Քուվեյթ, ինչպես նաև նախորդ տարի կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերը:
«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների ազգային գործակալությունների միջև ևս ամրապնդվում և խորացվում են կապերը: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք, մանավանդ, որ 95 տարվա պատմություն ունեցող «Արմենպրես»-ը մշտապես ստանում է պետության աջակցությունը: Մենք ողջունում ենք երկու գործակալությունների միջև ստորագրվելիք համագործակցության հուշագիրը և հայտնում մեր աջակցությունը»,- ասել է կառավարության ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում:
Շեյխ Մուհամմադ Դուայիջ Ալ Իբրահիմ Ալ Սաբահին վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթյան հարաբերություններն առաջիկայում ևս առաջ կշարժվեն՝ նաև լրատվական ասպարեզում կապերի զարգացմամբ:
Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար, և Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները: