Հրաչ Մուրադյանին ուղղված գնդակը հետևանքն է անպատժելիության. Արծվիկ Մինասյան

Հրաչ Մուրադյանն ազատամարտիկ էր, արժանացել էր Արցախի և Հայաստանի բազմաթիվ մարտական շքանշանների, և նրան ուղղված գնդակի համար պատասխանատու է մեր ողջ պետական համակարգը. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց «ՀՅԴ» գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Սա հետևանք է անպատժելիության, որոշակի դրվագներում ոչ պատշաճ քաղաքական վարքի դրսևորման: Ես չեմ ասում, թե ով է դա արել, դա կպարզեն հետաքննող մարմինները, բայց մի բան հայտնի է՝ Հրաչ Մուրադյանը բազմաթիվ անգամներ գնացել է մարզային իշխանությունների հետ առճակատման՝ ի շահ իր համայնքի բարօրության: Եվ նրանք, ովքեր գնդակ են արձակել Հրաչ Մուրադյանի դեմ, փորձել են ոչնչացնել մարդու այս տեսակը: Եվ այս գնդակը ուղղված է մեր բոլորի, և մեր պետականության դեմ»,- նշեց նա:

Ըստ Մինասյանի՝ Հրաչ Մուրադյանն օրինակելի պաշտոնյա էր՝ պետական մտածողությամբ: Նա չի կայացրել որևէ որոշում, որը դեմ էր համայնքի շահերին: «Նա հոգ էր տարել, որ Պռոշյան համայնքում զարգացում տեղի ունենա մանուկների ոլորտից մինչև տարեցների խնդիրներ»,- ասաց նա՝ հավելելով, որ նման օրինակելի պաշտոնյայի, բազմազավակ հոր դեմ ուղղված հանցագործությունը հարկ է բացահայտել առանձնահատուկ ջանքերով և օպերատիվ:

Լուսանկարները՝ hetq.am-ից Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել