Ապրիլի 9-ին «մարտի 1-ը» պատրաստ ենթահող ուներ. Շ. Կանդահարյան

Ապրիլի 11-ին լույս է տեսել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի «Ապրիլի 9-ի և Մարտի 1-ի տարբերությունը և մինչև մայիսի 5-ը» խորագրով հոդվածը, որում նա անդրադառնում է ապրիլի 9-ի դեպքերին, դրանք համեմատում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ և վերլուծում քաղաքական իրադրությունը Հայաստանում մայիսի 5-ին կայանալիք՝ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին:

Ըստ Կանդահարյանի՝ կարևոր է այն փաստը, որ ապրիլի 9-ին «Ազատություն»-«Բաղրամյան»-Ծիծեռնակաբերդ-հաղթանակ ժողովրդական շարժման ողղության վրա արձանագրված միջադեպերի թիվը սահմանափակ էր:

«Դեպի նախագահական պալատ բազմամարդ քայլերթն ու տրամադրությունների շիկացումը հուշում էր, որ երկրորդ «մարտի մեկը» պատրաստ ենթահող ուներ Երևանի փողոցներում», – գրել է «Ազդակի» գլխավոր խմբագիրը:

Նրա համոզմամբ՝ այդ օրը հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանապետ Գասպարյանի համատեղ ջանքերի շնորհիվ է հաջողվել դեպքերի զարգացումը վերահսկողության տակ պահել, քանի որ և՛ ոստիկանների, և՛ ցուցարարների շարքերում կային տարրեր, որոնք դրսևորում էին «կարմիր գծերը խախտելու միտումներ»:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին ժողովրդի շարքերում «Հիմա»-ի տրամաբանության գերակշիռ լինելուն, այդ երևույթը, ըստ գլխավոր խմբագրի, պայմանավորված էր նախագահական ընտրությունների արդյունքների մշուշոտ լինելով և իշխանափոխության տարերային պահանջի առկայությամբ:

«Նախընտրական և հետընտրական փուլերում ընդդիմությանը չէր հաջողվել համախմբվել առաջիկա անելիքների, ռազմավարական և հայեցակարգային ընդհանուր համաձայնական եզրերի շուրջ։ Փուլ առ փուլ անելիքների քարտեզը հստակ չէր։ Կային հանկարծակի պահանջներ, չխորհրդակցված, չքննարկված և չհամաձայնեցված առաջարկներ, որոնք իրականացնելու համար պիտի գործեր ուժերի միջև համակարգված մեխանիզմը», – գրել է Շահեն Կանդահարյանը:

Նա ապրիլի 9-ի իրադարձություններից ավելի մեծ կարևորություն է տալիս մայիսի 5-ին կայանալիք՝ Երևանի քաղաքապետի ընտրությունններին: Ընդունելով, որ ընդդիմությանը այս դեպքում էլ չի հաջողվել միավորվել և հանդես գալ միասնական թեկնածուով, այդուհանդերձ, քաղաքական օրակարգերի ճշտումն ու համատեղ խորհրդակցություններն ու քննարկումները կարող են հանգեցնել էական փոփոխությունների։ Կանդահարյանը վստահ է, որ անջատ քայլերը, չհամադրված և չհամաձայնեցված որոշումներն ու հայտարարությունները կջլատեն շարժումը։

«Մինչեւ մայիսի 5-ը և դրանից հետո, անշուշտ, ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգի շուրջ համաձայնությունը կարող է որակական փոփոխություն բերել, նոր հույս ներշնչել և շարժումն ապահովել նպատակաուղղված, հետևողական և երկարատև աշխատանքի նոր եղանակներով։ Այս գործընթացն է, որը կարող է բերել տեսանելի արդյունքների», – եզրափակել է Կանդահարյանը:

Մեկնաբանել