Սևծովյան հասարակական կազմակերպությունների 6-րդ համաժողովի հայտարարությունը` սեպտեմբերի 5-ի դեպքերի առնչությամբ

Սեպտեմբերի 4-6-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցած Սևծովյան հասարակական կազմակերպությունների 6-րդ համաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հայտարարություն օրերս Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ:

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «2013թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 22:10-22:20-ի սահմաններում, Երևանի կենտրոնում քաղաքացիական երկու ակտիվիստներ Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը ծեծի են ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Երկուսն էլ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Երկուսն էլ ակտիվորեն մասնակցել են վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաներին` ընդդեմ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշման: Հարկ է նշել նաև, որ Հայկակ Արշամյանն աշխատում է Երևանի մամուլի ակումբում, իսկ Սուրեն Սաղաթելյանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է: Երկու կազմակերպությունները Արևելյան գործընկերության Քացաքացիական հասարակության ֆորումի ակտիվ անդամ են: Տեղի ունեցածը վերջին ամսում քաղաքացիական ակտիվիստների դեմ 10-րդ հարձակումն էր:

Հայտնում ենք մեր խորը մտահոգությունն այն առնչությամբ, որ բռնության են ենթարկվում իշխանությունների որոշումների դեմ բողոք արտահայտող քաղաքացիական ակտիվիստները: Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սարսափելի այս դեպքերը հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կողմնակալ և ոչ թափանցիկ հետաքննության դեպքում պատասխանատվությունը կրելու են Հայաստանի իշխանությունները:


Մեկնաբանել