Չի կարող լինել օֆշոր սիրող կառավարություն և արդար Արդարադատության խորհուրդ. Արամ Մանուկյան

Մենք ռոմանտիկ չենք և մեծ ակնկալիքներ չունենք Արդարադատության խորհրդի անդամների ընտրությունից. սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` Արդարադատության խորհրդի երկու անդամների ընտրության հարցի քննարկմանը:

«Չի կարող լինել չընտրված իշխանություն և արդարադատ դատարան, չի կարող  լինել օֆշոր սիրող կառավարություն, դատարանի վրա ճնշում գործադրող կառավարություն և արդար Արդարադատության խորհուրդ, չի կարող լինել պառլամենտ, որն իր լծակներն ունի Արդարադատության խորհրդում, և պատգամավորների կեսից ավելին սեփական բիզնես ունենա»,- ասաց Արամ Մանուկյանը` նշելով, որ իր նշած այս համակարգերը բավական տարբեր են:

ՀԱԿ պատգամավորը ՀՀ տարբեր դատավարություններից մի քանի օրինակ վկայակոչեց, որոնք, ըստ նրա, զավեշտալի են և պետք է գրվեն ՀՀ արդարադատության գրքում: Մանուկյանի բերած օրինակներից մեկի համաձայն` 2008թ. մարտի 1-ի դատավարության ընթացքում ցուցմունք է տվել մի ոստիկան, որը, փաստերի համաձայն, նույն ժամին ծեծվել է երեք տարբեր տեղերում:

«Եվ դատավորներն այս ցուցմունքների հիման վրա մարդանց ուղարկեցին բանտերը: Քաղաքակա՞ն չէ. բնականաբար կասեք, որ քաղաքական չէ»,- հարցադրում կատարեց Արամ Մանուկյանը` վկայակոչելով նաև ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը` ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու պահանջով, որը դատարանը մերժել է` հիմնավորելով, թե Առաքելյանն ազատության մեջ ճնշում կգործադրի վկաների վրա:

«Եվ նույն օրերին ազատ են արձակվում մարդիկ, որոնք սպանության մեջ են մեղադրվում. տասնյակ կրակոցներ, սպանություն և ոչ մեկը կալանավորված չէ, արդար է չէ՞»,- կրկին հարցրեց ՀԱԿ պատգամավորը` նշելով, որ այս փաստերը պետք է հաշվի առնվեն խորհրդի անդամներին նշանակելիս:

Արդարադատության խորհրդի անդամների թեկնածուներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բադիրյանը: