Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է. ԱԳՆ

Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային`վերջինիս խնդրանքով, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:

Մարտի 21-ին` ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Կիևը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին: Դրանից առաջ Ուկրաինայի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ «Հայաստանի՝ Ղրիմի բռնակցման ճանաչումը կհանգեցնի հայ-ուկրաինական հարաբերություններում բացասական հետևանքների»։ Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին։

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք խոսք լինել դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, Լուբկիվսկին ասել է․ «Երկկողմ հարաբերությունների բացասական հետևանքները ունեն լայն սպեկտր, որը կկիրառվի այն բանից հետո, երբ մենք կստանանք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզու բնակչության ավելի քան 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն: Մարտի 18-ին Մոսկվայում Ղրիմի և Սևաստոպոլ ղեկավարները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին պայմանագրեր:

Մարտի 20-ին լրագրողների հետ էր հանդիպել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը Ղրիմի հանրաքվեի հարցում` նա նշել էր, որ տեղյակ է և´ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և´ ԱԳՆ-ի դիրքորոշումից` հավելելով, որ «յուրաքանչյուր պետություն իրավունք ունի հայտնելու իր դիրքորոշումը»:

Ուկրաինայի ազգայնական «Սվոբոդա» կուսակցության խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկն էլ մարտի 20-ին կոչ էր արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից այն բանի համար, որ այս երկրներն աջակցել են Ղրիմում կարգավիճակի հարցով անցկացված հանրաքվեի արդյունքներին։

Մեկնաբանել