ԵՄ-ն փորձում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից

Եվրոպացի առաջնորդները, Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված, ակտիվացնում են գործողությունները՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը Բրյուսելում մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները այս տարվա հունիսին երկօրյա գագաթաժողով կանցկացնեն, որի ընթացքում կմշակեն Եվրոպայի էներգետիկայի պաշտպանության հարցով քայլերը, այն դեպքում, եթե Մոսկվան կրճատի բնական գազի մատակարարումները:

Ներկայում Ռուսաստանը ապահովում է Եվրոպայի էներգետիկ կարիքների 1/3-ը:

Մարտի 20-ի երեկոյան ԱՄՆ-ը և Եվրամիությունը հայտարարել էին, որ ընդլայնում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակները։ ԵՄ-ի ցուցակում հայտնված մարդկանց անուններն առայժմ հայտնի չեն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Միացյալ Նահանգների նոր ցուցակում ընդգրկվել է 20 մարդ և «Ռոսիյա» բանկը։ Մարդկանց, որոնց հաշիվները կսառեցվեն և որոնց մուտքը ԱՄՆ կարգելվի, ցանկում պաշտոնյաներից բացի՝ հայտնվել են հայտնի գործարարներ, որոնք համարվում են Պուտինի հետ մտերիմ՝ Յուրի Կովալչուկը («Ռոսիյա» բանկի տնօրենների խորհրդի նախագահն է, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում համարում են, որ Կովալչուկը ռուս մի շարք պաշտոնյաների և նախագահ Վլադիմիր Պուտինի «անձնական բանկիրն» է), գործարարներ Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն, որի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են, քանի որ նրա գործողությունները էներգետիկ հատվածում անմիջականորեն կապված են Պուտինի հետ, կարծում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։

Մարտի 21-ի Անվտանգության խորհրդի նիստին Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ ձեռնպահ կմնա Վաշինգտոնի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից, ինչպես նաև չի շտապի Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների հարցում։ Մարտի 19-ի երեկոյան Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել էր, որ Ուկրաինայի արտգործնախարարությանը հանձնարարվել է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի ուշ հայտարարեց, որ կառավարությունը չի շտապի Ռուսաստանի համար վիզաների սահմանման հարցում։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հռչակագիր «Ուկրաինայի ազատգրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։

Մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել էր ամերիկացի ինը պաշտոնատար անձանցից և Կոնգրեսի անդամներից կազմված ցուցակ, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվում է։

Մեկնաբանել