Օգոստոսի 14-15-ը հրադադարը խախտվել է 65 անգամ. ԼՂՀ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ:

Այս ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

«ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում:

Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ամբողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական: Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում առաջնագծում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել