Հակահարվածը լուծում չէ

Ադրբեջանի հետ պետք է ոչ միայն ռազմի դաշտում պայքարել, այլև կյանքի գրեթե բոլոր ոլորտներում. Արմեն Գրիգորյան: Ադրբեջանի հետ պետք է ոչ միայն ռազմի դաշտում պայքարել, այլև կյանքի գրեթե բոլոր ոլորտներում. Արմեն Գրիգորյան:

Արցախում կործանված ՄԻ-24 ուղղաթիռի միջադեպը թեժացրել է հակամարտության կարգավորման քննարկումները: Կրկին քննարկվում է թշնամուն հակահարված տալու տարբերակները: Իհարկե, հակահարվածը կարևոր է, սակայն պետք է հաշվի առնել, որ հակահարվածն այս պահին արդյունավետ չի աշխատում մի քանի պատճառով:

Նախ, հակահարվածի ծավալն այնքան չէ, որ թշնամուն պարտադրի հետագայում չկրկնել նախկին հարձակումները: Դա են վկայում նաև օգոստոսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանի կրած անհամաչափ կորուստները, որը զսպիչ գործոն չեղավ Ադրբեջանի հետագա քայլերի համար: Հետո՝ Ադրբեջանի կառավարման մոդելն այնպիսին է, որ այդ հակահարվածները հանրային ազդեցություն չեն ունենում, և Ալիևի ռեժիմը կարողանում է ոչ միայն թաքցնել հակահարվածի արդյունքները, այլև Ադրբեջանի հարձակումները ներկայացնում է որպես վերջնական հաղթանակին հասնելու միջոց: Այսինքն, հակահարվածները չեն ազդում Ադրբեջանի հանրության վրա այն ծավալով, որպեսզի նա ստիպի իշխանություններին չկրկնելու նման գործողությունները։

Ղարաբաղյան հակամարտությունը մտել է մի փուլ, երբ կողմերն արդեն ունեն այնքան ռազմական ուժ, որ որևէ կողմ չի կարող ռազմական ճանապարհով հաղթանակի հասնել: Ուժերի հավասարակշռությունը որևէ կողմի թույլ չի տալիս առավելության հասնել: Այդ իսկ պատճառով հակամարտությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել և դարձել կառավարման մոդելների մրցակցություն: Այսօր որ կողմը կարողանա առավել արդյունավետ կառավարման համակարգ ստեղծել, այդ կողմն էլ հաղթանակած դուրս կգա հակամարտությունում:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը նաև որոշ առումով նման է ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտությանը։ Վերջինիս դեպքում միջուկային զենքն էր հավասարակշռության հիմնական գործոնը, և յուրաքանչյուր կողմի համար պատերազմ սկսելը կնշանակեր նաև ինքնակործանում։ Այդ իսկ պատճառով հակամարտությունը վերաճել էր կառավարման երկու մոդելների պայքարի։ Հաղթեց ԱՄՆ-ը, որի ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի արդյունավետ էր, իսկ կառավարման խորհրդային համակարգը ճգնաժամ ապրեց և կործանվեց:

Երկարաժամկետ առումով ղարաբաղյան հակամարտությունում հաղթելու բանալին Հայաստանի կառավարման համակարգի ներսում է: Արդյունավետ կառավարման համակարգը, որը ենթադրում է ազատ շուկայական տնտեսության, արդար և թափանցիկ ընտրություններ, բազմակուսակցական և ժողովրդավարական այլ ինստիտուտներ, կբարելավի Հայաստանի դիրքերը, ինչպես նաև ռեսուրսներ կստեղծի Ադրբեջանի կառավարման համակարգի թուլացման համար:

Այս պահին ուժային հակահարվածները միայն իրավիճակային խնդիրներ են լուծում, ու վերջնական խաղաղություն չեն կարող պարտադրել: Ադրբեջանի հետ պետք է ոչ միայն ռազմի դաշտում պայքարել, այլև կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, իսկ այլ ոլորտներում մրցակցելու և պայքարելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ և ռեսուրսների արդյունավետ կառավարում: Ռեսուրսների հիմնական գեներացնողը կառավարման ժողովրդավարական համակարգն է:

Մեկնաբանել