ԼՂ պաշտպանության բանակը մանրամասներ է փոխանցում դիվերիսոն հարձակման մասին

diversia_19.03.15.6Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապարակել մարտի 19-ին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման վերաբերյալ, ինչի հետաևքնով զոհվել է երեք հայ զինածառայող, վիրավորվել չորսը:

«Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների համաձայն՝ արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, չորս հատ «Մուխա» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակությամբ օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հայկական կողմի վիրավորները հոսպիտալացվել են:

Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է Պաշտանաության բանակի հաղորդագրությունում:

Մեկնաբանել